Որքանով ԱՄՆ-ն ըմբռնումով կմոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին. մեկնաբանում է Ջորջ Քենթը
Իրանն ապակայունացնող ուժ է տարածաշրջանում ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում է ստեղծել միջուկային զենք, իսկ նախկինում ընդունված պատժամիջոցները կենտրոնանում են հենց այս խնդրի վրա, այլ նաև շարունակում է աջակցել ահաբեկչությանը՝ ապակայունացնելով իրավիճակը Հեզբոլահ ու Համաս խմբավորումների հովանավորությամբ, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ծրագրի միջոցով։ Այս մասին Ամերիկայի Ձայնի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։
Քենթը նշել է, որ այս ամենից պարզ է, որ ԱՄՆ-ը լուրջ է մոտենում տարածաշրջանի այս սպառնալիքին։
«Միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների ու բարեկամների հետ՝ վստահ լինելու համար, որ նրանք անդառնալի կորուստներ չեն կրում։ Սակայն, խնդրում եմ, թյուր չընկալել, մենք նպատակադրված ենք գործողություններ իրականացնել՝ սահմանափակելու Իրանի կարողությունները։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի դժվար աշխարհագրական դիրք, սակայն մենք նաև մտահոգված ենք տարածաշրջանային կայունությամբ»,-ասել է Ջորջ Քնեթը։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան և տարածաշրջան: Նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը: