Անցումային խորհրդարան չի լինելու. Ալեն Սիմոնյան
««Իմ քայլը» դաշինքը շատ լավ ցուցակով է գնալու ընտրությունների։ Դաշինքի ընտրացուցակում չեն լինելու այն մարդիկ, ում մասին լուրեր են շրջանառվում: Նշվել է, որ ՀՀԿ խմբակցությունից լինելու է երկու-երեք մարդ, որոնք չեն հանդիսանում ՀՀԿ կուսակցության անդամ: Որևէ օդիոզ դեմք, որևէ գործարար, որևէ մեկը, ով տանիք է փնտրելու, չի լինելու մեր ցուցակում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Պատգամավորի հավաստմամբ, իրենց ցուցակը բաղկացած է հանրությանը հայտնի մարդկանցից, իրենց քաղաքական թիմի անդամներից:
«Վերջիվերջո՝ այսօր կա մի իրողություն, երբ ընտրությունը ձերն է, և անկախ նրանից՝ այդ մարդուն ես հավանում եմ, դրական եմ գնահատում, թե բացասական, որոշումը դուք ինքներդ եք կայացնելու»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով խոսակցություններին, որ ՔՊ-ում խմորումների մասին լուրերին՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որևէ խմորում չկա՝ կապված ռեյտինգային ցուցակի հետ։
«Նախ, ցուցակը բերված չէ վերջնական տեսքի, ուստի խմորումներ չեն կարող լինել։ Բացի այդ՝ մենք մի անգամ արդեն մասնակցել ենք ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին և խմորումներ, կարծում եմ, չեն էլ լինի։ Մեր քաղաքական թիմը մասնակցելու է ընտրություններին։ Միգուցե լինեն մի քանի անկուսակցականներ, բայց որևէ անակնկալ չսպասեք, ցուցակը կլինի ժամկետների մեջ»,- նշեց պատգամավորը։
Անցումային խորհրդարան ձևավորելու հնարավորությանը՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ անցումային խորհրդարան չի լինելու։ «Նման տրամադրվածություն և քաղաքական պլան չկա: Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»,- ասաց նա։