Մշակույթի նախարարին հրավիրում են՝ չի գնում, «չեն հրավիրում»՝ էլի չի գնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 4-ին, կատարվել է Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի գահակալության 19-րդ տարեդարձի առթիվ։ Ներկա են եղել հոգևորականներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ և տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ: Տոնական օրը Հայոց Հովվապետին այցելել են նաև մշակույթի տարբեր գործիչներ:... Բայց ոչ մշակույթի նախարարը։
Հայաստանյան Առաքելական եկեղեցին հայոց մշակույթի կրողը, հավաքողն ու պահպանողն է եղել դարեր շարունակ, երբ Հայաստանը զրկված է եղել պետականությունից, եկեղեցին մշակույթի զարգացման օջախ է եղել։ Եկեղեցում են ստեղծվել հայկական անկրկնելի ու բոլորին զարմացնող մանրանկարները, ծաղկել ու պահվել պատմական գրերը՝ դարձած գրքարվեստ, եկեղեցիների պատերը հայկական քանդակագործության սեղմագրեր են դարձել, իրենք՝ ճարտարապետական նմուշներ... Մշակութային գործիչները մշտապես հարգանքով են վերաբերվել եկեղեցուն։ Եկեղեցու համար կարևոր այդ իրադարձությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարեդարձին, մշակույթի նախարարը ներկա չի եկել։
Նախ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նախարարը ներկա է եղել Հայրապետական մաղթանքին։ Պատասխանեցին ոչ. «Նախարարը մասնակցության հրավեր չի ստացել»։
Ի՞նչ է դա նշանակում՝ արդյոք որ մշակույթի նախարարը իրեն մշակույթի կրող չի համարում։ Այս հարցը տվեցինք կինոռեժիսոր Արտակ Ավետյանին։
«Մի բան ասեմ՝ դուք եզրակացրեք։ Մշակույթի նախարարին հրավիրեցի իմ «Վիկտոր Համբարձումյան» ֆիլմի պրեմիերային՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնական հրավեր է ուղարկվել։ Նախարարն առանց բացատրության, առանց ոչ մի բանի ուղղակի չեկավ։ Այդ ժամանակ, ընկերներս ասացին, որ նախարարն օպերայի սրճարանում սուրճ էր խմում։
Նախկին նախարարներ, եթե չէին գալիս, ուղարկում էին տեղակալ կամ բաժնի վարիչ։ Գալիս էին, մարդ իրեն լավ էր զգում։ Այս դեպքում լիովին արհամարհական վիճակ էր, որից ես շատ նեղված եմ, իհարկե»։
Նա նշեց, որ այս պարագայում նախարարն իր ֆունկցիան չէր կատարել, գոնե կարելի էր նամակ ուղարկել։
«Իր գործն է, որ չի եկել, բայց վրդովված եմ։ Մշակույթի նախարարը պետք է ակտիվ լինի, ամեն մշակութային, հոգևոր միջոցառումներին պետք է ներկա լինի։
Մեր Վեհափառն է, մեր եկեղեցին է, պարտավոր ենք։ Նախարարության ղեկավարն է, միանշանակ պետք է ներկա գտնվի։ Շատ մարդիկ կան, ովքեր նայում են, եթե այդ մարդը ներկա չի գտնվել, իրենք էլ են եզրակացություներ անում եկեղեցու կարևորության մասին»,- ասաց Ա. Ավետյանը։
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով, սխալ է եկեղեցին կապել մշակույթի հետ։ Նա նաև նշեց. «Մենք Վատիկան չենք, աշխարհիկ պետություն ենք»։
ՀՀ վստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն ասաց, որ, իհարկե, պետք է նախարարը ներկա լիներ, միաժամանակ հավելեց, որ գուցե քաղաքում չի եղել կամ տեղյակ չեն պահել։
«Իհարկե, պետք է մասնակցեն նման միջոցառումների։ Միայն մշակույթի նախարարը չէ։ Կան տարբեր պաշտոնյաներ, ովքեր պետք է մասնակցեն։ Եկեղեցին մեր մշակույթի շատ կարևոր միջավայրն է, պետք է բոլորս էլ ուշադրության կենտրոնում պահենք»,- նշեց Հ. Շահումյանը։
Սարգիս Պիծակ
Թորոս Ռոսլին. Լևոն արքայազնի և Կեռան արքայադստեր պատկերը
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխելու հետ կապված փարիսեցիություն
- Տաթև Եպիսկոպոս. Հակառակ բազում խոչընդոտների Եկեղեցին շենանում է
- Մշակույթի նախարարը գերազանցել է բոլոր հնարավոր լիազորությունները. Հովհաննես Գալստյան
- Ժիրայր Դադասյանը՝ մշակույթի նախարարի հայտարարությունների մասին
- Նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում. Գրականագետ
- Մշակույթի նոր նախարարը կարծես սկսել է կարդալ նախարարության կանոնադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան