Այսօր ունենք բացառիկ հնարավորություն՝ անելու առողջապահական ապահովագրություն. Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկում է եկամտահարկի դրույքաչափերի 5 տոկսոով իջեցման մի մասն ուղղել առողջապահական ապահովագրության ստեղծմանը: Այս մասին Բաբլոյանը նշեց այսօր ԱԺ սոցիալական և ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է 2019 թ. պետական բյուջեի նախագիծը։
«Չե՞ք կարծում, որ հարկի իջեցման պարագայում 2 տոկոսը կարելի է ուղղորդել առողջության ապահովության ստեղծմանը: Այսինքն, ում, որ ուզում ենք աշխատավարձ բարձրացնել հինգ տոկոսով, դրանից երկու տոկոսն ուղղորդենք բազային առումով նրանց առողջության պահպանմանը»,-ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանն նշեց, որ նախ և առաջ պետք է որոշակիացնեն նպատակները, հետո գտնեն դրանց հասնելու լավագույն ճանապարհը:
«Եթե աշխատավարձը գործիքներից մեկն է, այդ ճանապարհով գնանք, մենք դրանով ռիսկ ենք առաջացնում, որ մարդիկ կարող է կրճատվեն, մենք ենթադրում ենք, որ եթե արդյունավետության մասին է խոսքը, պետք է առաջնորդվենք նպատակին լավագույնս հասնելու մոտեցմամբ, ոչ թե սոցիալական խնդիր լուծելով։ Քննարկման հարց է եկամտահարկի դրույքաչափի իջեցումը կապել նրա հետ, որ աշխատող խմբին պետք է առողջապահական ծառայություններ մատուցվի: Որոշելու հարց է, թե այլ հավասար պայմանների դեպքում մենք այդ միջոցներն արդյոք կուղղեինք հենց այդ խմբի համար անվճար առողջապահական ծառայություններ մատուցելուն: Մեզ թվում է՝ չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար արդեն բավարար չափով լուծված են հարցերը, և մեզ համար որպես թիրախ պետք է վերցնենք վարձու աշխատողներին»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ իրենց համար խնդիր է հավաքել առավելագույն հարկերը և հետո որոշել՝ եթե հենց այդ խումբն է, որ պետք է թիրախ լինի այս ծառայությունների տեսակետից, ապա ծրագիր է պետք բերել նրանց համար. «Ոչ թե բերել այն ճանապարհով, որ իրենք իրենց եկամտահարկը ավելի պակաս վճարեն, կամ վճարած հարկից մի մաս գնա առողջապահության համակարգի ծառայություններին: Որոշելու հարցը նաև պահի ճիշտ ընտրությունն է, թե երբ պետք է անել, այս պահին, կարծում ենք, առավելագույնս հարկերը կհավաքվեն պետբյուջե, և որոշումները կկայացվեն առաջնահերթություններից ելնելով, թե ում համար ինչպիսի առողջապահական ծառայություններ կազմակերպեն»։
Արա Բաբլոյանն արձագանքեց, որ թեև չի ցանկանում զուգահեռներ տանել հեղափոխություն-փոփոխություն, բայց նշեց, որ եթե որոշ հարցեր չեն կարգավորվում, ավելի հստակ, կտրուկ որոշումներ են ընդունվում։
«Մի քանի տասնյակ տարի աշխատում եմ համատեղ, որ այս հարցերի կարգավորումը տանք, անցել է գրեթե 28 տարի, և մենք չենք կարողացել կարգավորել, կանցնենք ևս 28 տարի, եթե այսօր սա չկարգավորենք, սա եզակի հնարավորություն է, որ աշխատողը, որը ստեղծում է այն բարիքները, որից օգտվում են մնացած բոլոր չաշխատողները, գոնե ինքը կարողանա ինչ-որ չափով իր համար երաշխիք ունենալ առողջության պահպանման համար:
Այսօր աշխատողը, որը հարկ է վճարում, նրա համար իրականացնում ենք այն առողջապահական ծրագրերը, որոնք տալիս ենք անվճար չաշխատողներին, մենք այսօր ունենք բացառիկ հնարավորություն՝ անելու առողջապահական ապահովագրություն՝ օգտագործելով այն ռեսուրսը, որն առաջանում է հարկերի իջեցումից, այսինքն՝ անձն իր վրա է ծախսելու այն գումարը, որն իրենն է»,-ասաց նա։
ԱԺ նախագահը հավելեց, որ հարկերի նվազման այս շրջանում եթե չգնան այս քայլին, ևս 28 տարի կսպասեն։
Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց Բաբլոյանի այն ասածին, որ այդ վարքագծով կխրախուսեն աշխատանքը, որ իրենց ուշադրության կենտրոնում ոչ միայն սոցիալական աջակցության կարիք ունեցողներն են. «Բայց ինչ վերաբերում է, որ աշխատողի նկատմամբ ավելի շատ մտահոգված լինենք, քանի որ տնտեսությունը հենվում է նրանց վրա, որ առողջությունը պահպանեն, մենք ուղղակի ասում ենք՝ գնանք այն ճանապարհով, որ ոչ թե դրույքաչափի իջեցման մեջ հնարավորությունը տեսնենք, այլ հնարավորությունների շրջանում նաև իրենց նույնպես ներառենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան