Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է հայկական կողմի հանձնառությունը՝ ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը
Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում:
Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ քայլեր ձեռնարկել համագործակցության նոր ոլորտներ և ուղիներ բացահայտելու ուղղությամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում կուտակված փորձը կայուն հիմք է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել խորացման և ընդլայնման համար՝ որպես նոր ուղղություն ընդգծելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:
Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերը:
Կողմերը քննարկել եննաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի օրակարգին, ինչպես նաև ՀԱՊԿ գագաթաժողովի աշխատանքներին և ընդունվելիք փաստաթղթերին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ընդգծել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: