Աղբահանության միջանկյալ «Զիլ» լուծում
Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն այլևս չի աշխատում։ Լուրերը հիմնավորվում են այն փաստարկով, որ աղբահանությունն իրականացնում են ոչ թե ընկերության մեքենաները, այլ խորհրդային արտադրության «Զիլ» մակնիշի բեռնատարները։
Տեղեկանալու՝ արդյոք «Սանիտեքն» իսկապե՞ս դադարեցրել է իր գործառույթների իրականացումը և մայրաքաղաքի աղբահանությամբ չի զբաղվում, Panorama.am-ի թղթակիցը խոսեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։
Վերջինս հավաստիացրեց, որ «Սանիտեք» ընկերությունը, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրով ստանձնած պարտավորությունների, շարունակում է իրականացնել իր գործառույթները։
«Տեղեկությունները, որ ընկերությունը դադարեցրել է աշխատանքը, պարզ ապատեղեկատվություն են։ Պարզապես քաղաքում աղբահանության հետ կապված բարդ իրավիճակին միջանկյալ լուծում տալու համար «Սանիտեքը», Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնությամբ, այլ ընկերությունների, ենթակապալառուների հետ միասին՝ վերջիններիս տեխնիկայով, լուծում է հարցը։
Ընկերությունը մեքենաներ է վարձակալում, պայմանավորվածությունների գալիս։ Սա, շեշտում եմ, միջանկյալ, ճգնաժամային լուծում է, մինչև կսահմանվեն հետագա աշխատանքի պայմանները։ Աղբահանությունը Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը շեշտեց, որ «Զիլ» մեքենաներով աղբահանություն կազմակերպելու պրակտիկան նախկինում էլ է եղել, հիմա այդ մեքենաներն ավելի հաճախ են կիրառվում։
«Եթե ուշադիր լինենք, կարող ենք ֆիքսել, որ աղբահանության խնդիրը, համեմատած նախորդ շաբաթների հետ, որոշ չափով առաջընթաց է գրանցել»,- նշեց Հակոբ Կարապետյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում քննարկվի «Սանիտեքի» հետ պայմանագիրը դադարեցնելու հարցը, քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ նման բան հայտարարել չի կարող, պարզապես հնարավոր է, որ պայմանների փոփոխություններ լինեն, հնարավոր է՝ «Սանիտեքի» առջև նոր պայմաններ դրվեն։
«Մի շարք տարբերակներ են քննարկվում, քննարկումների արդյունքներն անպայման հայտնի կլինեն»,- նշեց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ «Սանիտեք» ընկերության սարքին տեխնիկան, վարձակալած մեքենաների հետ միասին, հիմա էլ շարունակում է բնականոն աշխատանքներ իրականացնել։
Հ. Գ. Զանգահարեցինք նաև «Սանիտեք» ընկերություն՝ ավտոպարկի թարմացման, տեխնիկայի վարձակալման և այլ մանրամասներ ճշտելու նպատակով, սակայն մեր զանգերին այնտեղ չպատասխանեցին։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». «Սանիտեկի» մեքենաների պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին
- «Ժողովուրդ». Դիզվառելիքի որակն ու ճանապարհների վիճակը փչացրել են «Սանիտեք»-ի մեքենաները
- «Սանիտեկ»-ը քաղաքապետարանին առաջարկում է վճարած տուգանքն օգտագործել նոր աղբամաններ գնելու համար
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
- «Սանիտեք»-ում հույս ունեն, որ իրենց հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը կդադարեցնեն
- «Սանիտեք»-ի ղեկավարը կկանգնի դատարանի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան