ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատավորների թոշակի նվազեցման մասին օրինագիծը
Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ առաջարկվող նախագիծը բազմապատիկ անգամ կվատթարացնի դատական իշխանության համակարգային բարեփոխումների գործընթացը:
«Առաջարկվող նախագիծն անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է, իսկ հիմնական իմաստն այն է, որ սահմանափակվում է օրենքով սահմանվող կենսաթոշակի չափը` միաժամանակ առավելագույն սահման ամրագրելով Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի տասնապատիկի չափը:
Նախատեսվում է նման սահմանափակումը տարածել նաև դատավորների վրա: Որպես հիմնավորում է ներկայացվում այն, որ ներկայումս համեմատաբար բարձր կենսաթոշակի պարագայում բազում անձանց կենսաթոշակը ցածր է, իսկ օրենսդրական նախաձեռնության արդյունքում վերաբաշխման միջոցով հնարավոր կլինի, որոշ պաշտոնատար անձանց կենսաթոշակը նվազեցնելու արդյունքում խնայված միջոցներով բարձրացնել մյուս անձանց կենսաթոշակը»,-մասնավորապես նշված է խորհուրդի հրապարակած կարծիքում։
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքում և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, դատական իշխանության անկախության երաշխավորման տեսանկյունից այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է:
«Պետք է հաշվի առնել, որ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել դատական իշխանությանն առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը»,-հիշեցնում է խորհուրդը։
Խորհուրդը նաև նշում է, որ դատավորների սոցիալ-նյութական ներկա ապահովվածության վիճակը, ինչն անհարկի վատթարացավ դեռևս 2014 թվականին՝ քննարկման առարկա օրենքի և Կառավարության որոշման ընդունմամբ, արդեն իսկ գնահատվում է խիստ խնդրահարույց (հայտնի են միջազգային համապատասխան կառույցների միանշանակ բացասական արձագանքները), ինչի արդյունքում դատավորի պաշտոն զբաղեցնելը դարձել է ակնհայտ ոչ գրավիչ: Բնորոշ է այն, որ հիշյալ օրենսդրական փոփոխությունից հետո դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար հավակնորդների քանակը նվազել է առնվազն 2,5 անգամ, իսկ արդեն այս տարի 1 թափուր տեղի համար այն կազմել է ընդամենը 2 անձ: Եթե դրան հավելենք նաև, որ մեծ թիվ է կազմում նաև բավարար գիտելիքներ չունեցող հավակնորդների աճը (2018 թ. թվով 90 դիմորդից գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել է միայն 24-ը), ապա պատկերն առավել ամբողջական կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա