Եթե կալանքի տակ գտնված անձը տառապանք է կրել, պետութունը պետք է պատասխանատվություն կրի. պատգամավոր
«Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ պետություն-քաղաքացի իրավաքաղաքական կապը պետք է ունենա փոխադարձ բնույթ, և ինչպես քաղաքացին իրեն պարտապան զգա պետության հետ իր իրավական պարտավորութուններում, այնպես էլ պետությունն իրեն պարտապան զգա քաղաքացիների հանդեպ ունեցած պարտականությունների տիրույթում։ Եթե կալանքի տակ գտնված անձը տառապանք է կրել, պետութունը դրա համար պետք է պատասխանատվություն կրի, քանի որ պետության պարտականությունն է եղել նախնական կալանքի վայրի պայմանները միջազգային չափոչոշիչների հասցնելը»,- այսօր՝ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ստացվում է, որ նրանք տառապանք են կրել, բայց քանի որ այսօր ազատության մեջ են, մենք կարող ենք հաշտվե՞լ այդ տառապանքի հետ։ Պետությունը թեկուզ հետին թվով պետք է հատուցի անձանց պատճառած վնասը, բայց հատուցման մեխանիզմը երևի թե ամբողջացման, ճշգրտման կարիք ունի»,- ասաց նա։
պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն իր հերթին նկատեց, որ մի քանի վտանգավոր ռիսկեր այս գործընթացում հաշվի չեն առնվել։ «Մենք խրախուսելու ենք չափազանց արատավոր երևույթի»,- ասաց նա։
Նիստին ներկա ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արտակ Ասատրյանն իր հերթին անդրադարձավ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ավելի վաղ հնչեցրած առաջարկին՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարել՝ օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի «Մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց» բառերը փոխարինել «Մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց» բառերով։
«Մենք առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգիրքը թողնել անփոփոխ։ Դա ունի մի շարք հիմնավորումներ։ Մի շարք երկրներում կալամավորման մեկ օրը հաշվարկվում է ազատազարկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի կրման մեկ օրվան, այսինքն՝ այնպես չէ, որ շատ երկրներում մեկ օրը մեկուկես օր է հաշվվում»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը։
Էդմոն Մարուքյանի ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քվեարկության դրվելուց հետո միաձայն ընդունվեց։