Համաներման ակտում բավականին անհամաչափություններ կան. Էդմոն Մարուքյան
Այսօր՝ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարել՝ օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի «Մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց» բառերը փոխարինել «Մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց» բառերով։
«Նախագիծն, ըստ էության, հումանիստական նկատառումներ ունի, նա նախնական կալանքի՝ որպես արատավոր պրակտիկայի մաս, վերացմանն է միտված։ Եթե այս դրույթն ընդունենք, նախաքննության մարմինները , դատարաններն այլևս ավելի քիչ կալանքի տակ կպահեն ՀՀ քաղաքացիներին։ Հայտնի փաստ է, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել ամիսներով, ագամ հասնել մեկ տարվա։ Այդ պրակտիկան կիրառվել է միշտ, և անգամ հեղափոխությունից հետո կալանքը, որպես խափանման միջոց, շատ է միջնորդվում դատարաններում։ Այլ բան է, որ հիմա գրավով շատ են սկսել մարդկանց ազատ արձակել»,- ասաց խորհրդարանականը։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ օրինակ Գերմանիայում կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրման մեկ օրվան, սակայն նախատեսվում է, որ դատարանն իր նախաձեռնությամբ կարող է մեկ օրը հաշվել մի քանի օր։
«Մենք կառավարությունում քննարկում ենք ունեցել, որի ժամանակ դեռևս հայտնի չէր՝ լինելու է համաներում, թե ոչ։ Ամեն դեպքում, համաներումից հետո բազմաթիվ են բողոքները, որ այն կիրառված է քաղաքական նկատառումներով։ Օրինակ, հայտնի բանդայի գործով ազատազրկման վայրերում գտնվող մարդիկ գտնում են, որ իրենք ոչ մի բան չեն հասցրել անել, իսկ մեկ այլ գործով, որ սպանված անձինք կան, նրանց վրա տարածվել է, իրենց վրա չի տարածվել։ Այսինքն՝ համաներման ակտում բավականին անհամաչափություններ կան»,- նշեց պատգամավորը։
Էդման Մարուքյանն առաջարկեց իր նշած դրույթն ընդունել և տարածել այս պահին ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց վրա։
«Ես առաջարկում եմ սա տարածել 2004 թվականից մինչ այժմ քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների վրա»,- նշեց պատգամավոր։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է ասել, որ այս նախագիծը նպատակ ունի լրացնել համաներման պակասը։
«Սա ըստ էության չի լրացնում համաներումը, սա լուծում է գերծանրաբռնվածության հարցը»,- պատասխանեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Հանցանք կատարած անձը պետք է պատասխան տա օրենքի առջև. Օսիպյանը՝ «Սասնա Ծռերի» համաներման մասին
- Արմեն Սարգսյանը ստորագրել է համաներում հայտարարելու մասին օրենքը
- Համաներումով պատժից ազատվում են մինչև 4 և 6 տարով ազատազրկված անձինք. Զեյնալյան
- Համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա. Բաբուխանյան
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան