Տարիներ շարունակ հարց է բարձրացվում, որ Պարոնյան և Մաշտոցի փողոցների գետնանցումը կարգի բերվի. Բագրատյան
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին դիմելով՝ ասաց. «Տարիներ շարունակ հարց է բարձրացվում, որ Պարոնյան և Մաշտոցի փողոցների գետնանցումը կարգի բերվի: Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ ցերեկը լույսերը վառվում են և անջատվում գիշերը, ու ոչ մի անգամ չի լինում հակառակը, չեմ հասկանում՝ ինչու է այդպես, խնդրում եմ սա կարգավորել, օրը ցերեկով 60-ից ավելի լույս է վառում, ժամը 8- 9-ի մոտ անջատվում են»։
Նա խոսեց նաև այդտեղ գտնվող կոմերցիոն տարածքներից, որոնք, ըստ նրա, նախկին իշխանությունները երևի տվել են մեկին ու մոռացել. «Որևէ մեկը չի մտածում հանձնել վարձակալության և սեփականատերը պարտավորվի, այդ անցումը մաքուր պահի, գեղեցիկ, լուսավորությունն էլ կլինի գիշերային ժամերին»։
Փոխքաղաքապետն ասաց, որ այդ անցման հարակից պուրակները վերանորոգվում են այս փուլում:
«Անցումը ներառված չի եղել, բայց մենք հիմա բանակցել ենք, որ այդ ծրագրի ներքո ներառենք նաև անցումը, ոնց որ թե ունենք նախնական համաձայնություն։ Ինչ վերաբերում է կոմերցիոն տարածք լինելուն, դրանք վարձակալության ներկայացվել են, բայց հայտեր չեն եղել, քանի որ որպես կոմերցիոն տարածք տնտեսական հետքրքրվածությունը քիչ է: Երեք-չորս տարում ոչ մի հայտ չի եղել»,-ասաց նա: