Աշոտ Բլեյան. Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում
Կրթության նախկին նախարար, Մխիթար Սեվաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բելյանն անդրադարձել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, Մինասյանին մաղթել հաստատակամություն։
Իր բլոգում Բլեյանը մասնավորապես գրել է.
«Ես ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի քրեականացման դրամային, դրա զարգացմանը-հանգուցալուծմանը. ով-ով՝ ես գիտեմ, թե ինչ անիծված բան է խոշոր-հայտնի պետական կազմակերպության ղեկավարումը, իր դեպքում՝ բուժկենտրոնի, իմ դեպքում՝ կրթական կենտրոնի, մեր ծնած-պահած, հարափոփոխ հանրապետության երեսուն տարվա ժամանակում, իր վայրիվերումներով, բեկումներով, թռիչքներով, գահավիժումներով, դավաճանություններով, սրբերի-աստվածների տեղափոխումներով․․․ Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում․․․
Էսպես չի մնա, չի կարող էսպես մնալ․․․ Թումանյան Հովհաննեսի իմաստությունը չի լքի մեզ․․․ Ես սարսափել եմ միշտ անաստվածների, անաղուհացների, դասընկեր ու գործընկեր, հարազատներ չունեցողների կուսակցականացումից պետական իշխանության մեջ․․․ Ես գիտեմ՝ մարդուն կյանքով են ճանաչում…
Արայի հետ մի կյանք եմ ապրել՝ իր շրջաններով, կոմսոմոլի՝ միակ երիտասարդական կազմակերպության, 1972-1977 թթ, ուսանողական շինարարական ջոկատներում, ես՝ պետական համալսարանից, ինքը՝ բժշկական ինստիտուտից, 1990-1991 թթ Երևանի քաղաքապետարանում աշխատանքով՝ որպես առողջապահության և կրթական ոլորտների ղեկավար-գործընկերներ, հետո բուժկենտրոն-կրթական կենտրոնի ղեկավարներ, հանուն հիվանդ մարդուն բժշկելու՝ մարմինն ու հոգին․․․ Մինչև հայտնի միջազգայնագետ-հրապարակախոս՝ Տիգրան Հայրապետյանի միայնակ-հաշմանդամ մորը խնամելը հիվանդանոցում… Տիգրանի մայրիկի աղոթքն եմ փոխանցում, հիվանդանոցում գտնվելու այդ օրերի նրա արցունքները, նրա հուզված պատումն այն մասին, թե ինչպես է ամբողջ հսկա կազմակերպությունը՝ շփոթված, արցունքախառը, հետևում իրեն…
Հերթական կոռուպցիան, հա՞, և իմ՝ հանրային գործչի պարտադրած, բազում օգնության կարոտ, անպաշտպան ուսուցիչների, այո՛, հարազատների, ծանոթների․․․ առանց որևէ շահի, ի՞նչ շահ, բացի հանրային-մարդկայինը։ Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո, և համերաշխության արարողը։ Գումարած օրինականությունը․․․ որ ճանապարհ է, լսո՞ւմ եք, կատարելության, որպես քրիստոնյա մարդ, հավատով Հիսուսի, թե հանրային կյանքի ավանդույթով փոխանցած բարոյականության՝ մեղքերի շարունակական քավումով․․․ Հո մենակ դատարանը չէ՞, խորհրդային շրջանում ամենաշատը փչացած իրավապահ անվանվող համակարգը՝ իր ոստիկանով, ամեն տեսակի դատախազով, դատապաշտպանով, դատարանով, քննիչով․․․ Հայրս «օրգան» էր ասում.
– Օրգանի հետ գործ չունես, շա՛ն տղա։ Թշնամությունը փոխանցվող ա, հասկացեք իրար, ներել կարողացիր… Մոռացիր, որ լավություն ես արել, արա, գցի ջուրը․ ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա․․․
Օրգանը այդքան շուտ փոխվե՞ց, հա։ Ո՞նց կփոխվի։ Ավելին՝ ամենավերջում կփոխվի, ողջ հասարակակության ազդեցությամբ, վերահսկողությամբ։ Ինչպես հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանն է ասում՝ պետք կլինի պաշտպանել դատավորներին, բայց դրան հասարակությունը պիտի գա… Թե չէ էնպիսի գործ կփչեն, որ վատնումը, անփութությունը (եթե կան), կդառնան հափշտակում-յուրացում»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Մինասյանը որպես մեղադրյալ չի հրավիրվել Քննչական կոմիտե. Փաստաբաններն արձագանքում են
- Փաստաբան. Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
- Չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից գումարները սեփականացնելուն ուղղված որևէ հանգամանք. Փաստաբաններ