Բնակչությունը ստանում է ավելի կալորիական գազ, քան սակագնով նախատեսվում է. Թադևոսյան
Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանից հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք ծախսերի շղթայում այնպիսի օպտիմալացում, որը կհանգեցնի գազի միջին սակագնի նվազեցմանը։
Հրանտ Թադևոսյանը նշեց, որ գազի մուտքի գինը 155 դոլար է, վաճառքի գինը՝ 255 դոլար։
«Մարժան, որ մնում է «Գազպրոմ Արմենիային», 62 դոլար է։ Մեր ծախսերն ավելի շատ են, քան մենք կարողանում ենք մուտքեր ապահովել։ Լրացուցիչ ռեզերվներ գտնելու հարցը խնդրահարույց է։ Բնակչությունը գազը ստանում է 139 դրամով։ Այս տարի ավարտվում են գործող բոլոր պայմանագրերի ժամկետները, և ներկայումս բանակցություններ են ընթանում գնման գնի ձևավորման շուրջ։ Մենք ներկա դրությամբ ունենք նաև մոտ 270 միլիոնի վարկային պորտֆել, տարվա վերջին այն կկազմի 28 միլիոն դոլար։ Տարեկան մենք վճարում ենք շուրջ 19 միլիոն դոլար վարկի տոկոսներ։ Այս բոլոր խնդիրները լուծվում են՝ տեղավորվելով կամ չտեղավորվելով սակագնի մեջ»,- ասաց նա։
Միքայել Մելքումյանն ի պատասխան տեսակետ հայտնեց, որ գազի սակագնի և կորուստների հաշվարկի մեթոդաբանության մեջ փոփոխություններ պետք է կատարվեն։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հերթին կեսկատակ նկատեց՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին լսելով՝ իր մոտ տպավորություն է, որ ոչ թե ընկերությունը պետք է օգնի ժողովրդին, այլ ժողովուրդը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
Նա նաև հարց ուղղեց Թադևոսյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք ընկերությունը հնարավորություն ունի գազին օդ խառնել։
«Մի քանի անգամ ֆիքսել ենք, որ գազաօդային խառնուրդը պայթյունավտանգ երևույթ է։ Դա կարող է համակարգում պայթյունների բերել։ Ինչ վերաբերում է գազի կալորիականությանը, անգամ խոշոր գազասպառողները ոչ մի անգամ բողոքներ չեն ներկայացրել մեզ։ Մենք երեք տեղ չափում ենք կալորիականությունը։ ՀՀ ներկրվող ռուսական գազի կալորիականությունը տատանվում է նվազագույնը 8100 կկալորիա՝ մետր խորանարդի համար, առավելագույնը լինում է 8900 կկալորիա՝ կախված, թե Ռուսաստանի որ հանքերից է գազը գալիս։
Ինչ վերաբերում է իրանական գազին, այն ՀՀ ներկրվում է 7800-8000 կկալորիա տիրույթով։ Բնակչությունը ստանում է ավելի կալորիական գազ, քան սակագնով նախատեսվում է»,- ասաց Հրանտ Թադևոսյանը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք հրաժարվել սպասարկման վարձից՝ դրանով իսկ 2-5 տոկոս իջեցնել գազի գինը։
«Ամեն ինչ ունի իր գինը, այլապես չենք կարող ունենալ նորմալ պայմաններ»,- ասաց Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել մինչև 3,5 տոկոս. Հրանտ Թադևոսյան
- Նախատեսվում է շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարների կառուցում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- 2013-ին ՀՀ և ՌԴ միջև գազային ստորացուցիչ պայմանագիր է կնքվել. հանձնաժողովի նախագահ
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում