Գազի սակագնի իջեցման որևէ ռեզերվ չեմ տեսնում. Միքայել Սողոմոնյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը մոլորության փորձ և հերյուրանք է որակում մամուլի այն հրապարակումները, թե այս պահին կառավարությունում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մի հաշվարկ կա, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, նաև զգալի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Ավելին, իբրև հենց ինքը և էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որպեսզի այդ հաշվարկը չհասնի գործդիր իշխանության ղեկավարին։
«Մտացածին հաշվարկը կառավարությունում է, և մենք թույլ չենք տալիս, որ հասնի կառավարություն։ Մենք ո՞նց կարող ենք միջամտել, որ վարչապետին չհասնի, եթե կառավարությունում է հաշվարկը, էնեգետիկայի նախարարն ի՞նչ պետք է անի, ես ավելին չեմ ուզում խոսել, դա հերյուրանք է, մոլորություն են մտցնում սպառողների մեջ։ Իրականությանն իսկապես չի համապատասխանում»,-ընդգծեց Միքայել Սողոմոնյանը։
Խոսելով գազի սակագնի իջեցման հնարավորության մասին՝ պաշտոնյան նկատեց․ «Գազի սակագնի գնագոյացման, մեծության հետ կապված պետք է նայել ընդհանուր մոտեցմամբ, գործող պայմանագրի և կիրառված մեթոդոլոգիայի կոնտեքստում, հիմա փորձում են դա նայել, եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, բնավ խնդիր չի առաջացնի թե՛ նվազեցնելը, թե՛ ապացուցելը, որ գործող սակագինը ճիշտ է հաշվարկված»։
Միքայել Սողոմոնյանը միաժամանակ շեշտեց, որ սխալ է համեմատություն անել և ասել, թե 150 դոլարով գազը սահմանից մտնում է ՀՀ և սպառողին հասնում է 300 դոլարով։
«150 դոլարով գինը առանց ավելացված արժեքի հարկի գինն է, 300 դոլարը վերաբերում է բնակչությանը, միջին սակագնով պետք է հաշվենք՝ ավելացված արժեքը մեջը՝ 255 դոլարով, որովհետև մենք հիմա կարող ենք բոլորի համար դոլարային արտահայտությամբ, անկախ նրանից՝ 10 հազար խորանարդ մետրից ավելի են սպառում, արտադրող են, թե բնակիչ, 255 դոլարին համարժեք միացնենք, դա մոտեցման խնդիր է»,- ասաց նա։
Միքայել Սողոմոնյանը հավելեց, որ այս պահի դրությամբ գազի սակագնի իջեցման հանձնաժողովի դաշտում գտնվող որևէ ռեզերվ չի տեսնում, քննարկում են, թե ի՞նչ ռեզերվ կարող է հայթհայթվել ապագա սակագնի համար։
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագնի իջեցումը կքայքայի համակարգը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- Բնակչությունը ստանում է ավելի կալորիական գազ, քան սակագնով նախատեսվում է. Թադևոսյան
- Ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել մինչև 3,5 տոկոս. Հրանտ Թադևոսյան
- Նախատեսվում է շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարների կառուցում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- 2013-ին ՀՀ և ՌԴ միջև գազային ստորացուցիչ պայմանագիր է կնքվել. հանձնաժողովի նախագահ
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին