Կոռուպցիայից զերծ պահելու համար այս անգամ էլ առաջարկում են դատավորին ապահովագրել դժբախտ պատահարներից
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դատավորներին ապահովագրել դժբախտ պատահարներից։
Նախագծում սահմանվել է «դժբախտ պատահար» հասկացությունը. «Դժբախտ պատահարն արտաքին, կարճաժամկետ (մինչև մի քանի ժամ), անկանխատեսելի, արտաքին գործոնների (ֆիզիկական, քիմիական, մեխանիկական) ազդեցությամբ և անկանխատեսելի պայմանների և հանգամանքների զուգադիպման հետևանքով դատավորի կամքից անկախ տեղի ունեցած իրադարձություն է (որի բնույթը, տեղի ունենալու ժամը և վայրը կարող են հստակ որոշվել), որի հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների կամ տոքսիկ ազդեցության հետևանքով վնաս է հասցվել դատավորի առողջությանը և նա ճանաչվել է հաշմանդամ»։
Ենթադրեցինք, որ խոսքը վերաբերում է դատավորի մասնագիտական գործունեությանն առնչվող պատահարներին, ինչպես սահմանված է փրկարարների, քննիչնների կամ այլոց դեպքում։ Օրինակ, երբ կողմերից մեկը դժգոհ է դատարանի վճռից ու որոշում է փողոցում, օրինակ, քիմիական նյութ շփել դատավորի դեմքին։
Օրինագծի անհրաժեշտությանը, հնարավոր վիճակագրությանը ծանոթանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ։ Հենց հիմնադրամն է հեղինակել արդեն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Տիգրան Մարկոսյանը նախ հստակեցրեց՝ խոսքն ամենևին էլ չի վերաբերում մասնագիտական գործունեության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարներին։ Պետության հաշվին դատավորի ապահովագրությունը վերաբերում է նրա հետ պատահած ցանկացած դժբախտ պատահարին, ինչի հետևանքով դատավորը հաշմանդամություն է ձեռք բերում։ Այսինքն, եթե դատավորը սեփական մեքենայով գնում է հարազատին տեսնելու, աստված մի արասցե, վթարի է ենթարկվում, այս դեպքում էլ նա պետության կողմից ապահովագրված է։ Ինչ վերաբերում է դատավճռի բովանդակության հետ կապված հնարավոր հարձակումներին, վրեժ լուծելու դեպքերին, ապա ըստ Մարկոսյանի, դա դիտվում է որպես հանցագործություն ու դրա հետևանքով կրած վնասի փոխհատուցումը պետք է կատարվի առանձին քաղհայցի շրջանակում, որտեղ դատավորը տուժողն է, հատուցողն էլ կլինի վնաս պատճառողը։
Դատավորների հետ պատահած դժբախտ պատահարների, դրանց հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու վերաբերյալ վիճակագրություն նախարարությունում չունեն, բայց կարծում են, որ պետբյուջեի վրա շատ թանկ չեն նստի այդ փոփոխությունները։ Նման առաջարկ ներկայացնելու համար ուսումնասիրել են մի քանի երկրների՝ Ուկրաինայի, Լատվիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ղազախստանի փորձը։
«Տարբեր օրենսդրություններում տարբեր տերմիններով է, բայց խոսքը մի բանի մասին է՝ դժբախտ պատահարի դեպքում դատավորը պետք է ունենա ապահովագրության հնարավորություն պետության ֆինանսական հնարավորությունների սահմաններում։ Ասեմ ավելին, այս մոտեցումները ողջունվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից»,-ասաց Մարկոսյանը։
Նախագիծը սահմանում է՝ դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին վճարվում է ապահովագրական միանվագ գումար՝
1) առաջին խմբի հաշմանդամին՝ 1 մլն դրամ.
2) երկրորդ խմբի հաշմանդամին՝ 800 հազար դրամ.
3) երրորդ խմբի հաշմանդամին՝ 600 հազար դրամ:
Հիմնադրամի ղեկավարի խոսքով, նման նախագծի ընդունումը պայմանավորված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ, որն ընդլայնել է դատավորների սոցիալական երաշխիքները։ Սա անհրաժեշտություն են համարում։
«Դա արտոնություն չէ, այլ անհրաժեշտ պայման, որ դատավորը բնականոն գործունեություն ծավալի։ Փոփոխությունների նպատակը սոցիալական երաշխքիների ամրապնդումն է, իրավունքի գերակայություն ու արդյունավետ դատավարություն երաշխավորելու և ըստ էության, որոշակի տեսանկյունից դատավորներին կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու համար»,-ասաց Մարկոսյանը։
Այս տրամաբանության մեջ մի քանի այլ փոփոխություններ էլ են նախատեսում, առաջարկում են դատավորին փոխհատուցել այլ վայրում պաշտոնի նշանակելու, գործուղելու, արտագնա նիստ անցկացնելու դեպքում։ Դատավորը նաև սոցփաթեթի շահառու է դառնալու։
«Մինչ այս սոցփաթեթի շահառու դատավորները չեն եղել, և դա ուներ խիստ բացասական հետևանքներ, խաթարվում էր դատավարի սոցիալական անկախությունը, և լիարժեք անկախություն տալ չէինք կարող։ Եթե մենք ուզում ենք, որ դատավորն անկախ գործի, զերծ մնա անօրինական գործընթացներից, բնականաբար պետք է ասենք, որ նա ապահովված է ամեն ինչով ու պետք է զբաղվի օրենքին համապատասխան արդարադատության իրականացնելով»,-հետևանքները մանրամասնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատավորների թոշակի նվազեցման մասին օրինագիծը
- ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին