Առաջարկվում է Հայաստանում 2019-ը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի
Առաջարկվում է Հայաստանում հաջորդ տարին հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի։ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:
Նշվում է՝ նման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
Նույն իրավական ակտի նախագծով առաջարկվում է նաև հաստատել կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը։
Դեռևս 2002 թվականից սկսած բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:
Կենդանատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:
Նախարարությունում կարծում են, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։
«Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Ընձառյուծի նկարահանումը ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքների պահպանության համակարգը»,-նշել են նախագծի հեղինակաները։
Գործադիրում կարծում են, որ «Կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը հաստատելու և 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով անհետացման եզրին գտնվողընձառյուծի մասին առավել լայն լուսաբանմանը, ինչպես նաև հասարակության իրազեկման բարձրացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի արգելոցում հերթական անգամ տեսախցիկի օբյեկտիվում է կովկասյան ընձառյուծ
- Հայաստանում առաջին անգամ նկարել են կովկասյան ընձառյուծի ձագին. WWF-Հայաստան
- «Հայաստանում 3-4 ընձառյուծ է մնացել, իշխանն էլ անհետացման եզրին է»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան