19-ամյա ֆուտբոլիստը Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր է
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երկու անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդակիրների գրքում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է L`Equipe-ը։ 19-ամյա ֆուտբոլիստը երկու ձեռքբերումն էլ գրանցել է 2017-ին։ Ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում գոլի ամենաերիտասարդ հեղինակն է. «Մոնակոյի» կազմում Մբապեն գոլ է խփել թուրինյան «Յուվենտուսին»։ Այդ պահին նա 18 տարեկան 140 օրական էր։
Մբապեն նաև դարձել է «Ոսկե գնդակի» ամենաերիտասարդ հավակնորդը՝ որպես լավագույն ֆուտբոլիստ։ Նա հայտնվել է ցուցակում 2017 թ. հոկտեմբերի 9-ին, երբ 18 տարեկան 293 օրական էր։
Ֆուտբոլիստը կգրանցվի 2020 թվականի «Գինեսի ռեկորդակիրների գրքում», որը կհրատարակվելու է 2019-ին։
Կիլիան Մբապեն CIES Football Observatory վերլուծական ընկերության վարկածով աշխարհի ամենաթանկ խաղացողն է։ Ընկերությունը Մբապեին գնահատել է 216,5 միլիոն եվրո։