Հանրային խորհրդի անդամն առաջարկում է հետաձգել խորհուրդի ձևավորումը
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ պետք է հետաձգել խորհրդի ձևավորման գործընթացը։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքական գործընթացների այս բուռն խմորման փուլը երկրորդ պլան է մղել Հանրային Խորհրդի հանձնաժողովների նկատմամբ հետաքրքրության հարցը, ինչի հետևանքով էականորեն ավելի քիչ հայտեր են ներկայացվում հանձնաժողովներում ընդգրկվելու համար։
Հիշեցնենք, որ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամները, նախաձեռնում են ՀԽ 15 հանձնաժողովների ձևավորումը, որից հետո հանձնաժողովներում ընդգրկված անդամները ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովների նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար:
«Քիչ հայտերն էլ իրենց հերթին կարող են ստեղծել իրավիճակ, երբ հասարակության կողմից ընդունելի և լսելի ձայն ունեցող անձինք օբյեկտիվ պատճառներով չներգրավվեն Հանրային Խորհրդի կազմում»,-մտահոգություն հայտնեց նա։
ՀԿ նախագահի խոսքով, հարցն էլ ավելի ակտուալ է դարձնում այն հանգամանքը, որ չընդունվեց նոր Ընտրական Օրենսգիրքը և դեկտեմբերին կայանալիք ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային համակարգով։ Նա կարծում է, որ քաղաքական այս նոր իրավիճակում բազմաթիվ հասարակական գործիչներ կփորձեն իրենց ուժերը տեղափոխել քաղաքական դաշտ, ինչն իր հերթին էլ ավելի կբարդացնի «լավ ուժեր» ներգրավելու հարցը։
«Իմ սուբյեկտիվ կարծիքով, Հանրային խորհրդի որոշակի իմաստով ոչ ճիշտ ընկալվելու պատճառներից մեկն էլ եղել է ոչ միայն լոբբինգի ու կատարված աշխատանքի իրազեկման պակասը, այլ այն, որ քաղաքացիական ակտիվիստների, այսպես ասած փողոցում պայքար մղողների մի ստվար զանգված ներկայացված չի եղել Հանրային խորհուրդի հանձնաժողովներում։ Ավելին, փողոցում պայքար մղողները միշտ չէ, որ ունեցել են խորհուրդի դիրքորոշումը։ Այս իմաստով, շատ կարևոր է, որ Հանրային խորհուրդը ձևավորվի հենց այս մոդելից ելնելով, հնարավորինս լայն շերտեր ընդգրկելով»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։
Այս օրերին քաղաքական դաշինքները, կուսակցություններն իրենց ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու առաջարկներ են ներկայացնելու այս կամ այն ոլորտում՝ առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի, իրավական հայտնի մասնագետներին, գործիչներին։
«Այս մարդկանց մի ստվար զանգված ընտրություններից հետո մնալու է փորձագիտական տաշտակի առաջ, սակայն նրանք արդեն չեն կարող ընդգրկվել Հանրային խորհրդի կազմում։ Մենք ունենք մարդկային քիչ ռեսուրս, և ես կարծում եմ, որ նման ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող, պետք է հնարավորություն ստեղծենք, որ այդ մասնագետները ներգրավվեն Հանրային խորհրդի ու դրա հանձնաժողովների աշխատանքներում»,-ասաց նա։
Եթե առաջարկն ընդունվի, Պիպոյանի կարծիքով, դրանից կշահի Հանրային խորհուրդը, քանի որ դրա կազմում կարող են ընդգրկվել առավել պրոֆեսիոնալ, բանիմաց, որակյալ մասնագետներ։
Պիպոյանը հիշեցնում է՝ օրենքի պահանջն է, որպեսզի հանձնաժողովները ձևավորվեն հայտարարությունից հետո մեկ ամսվա ընթացքում և Հանրային Խորհրդի ձևավորումն ու գործընթացի տեղափոխումը ընտրություններից հետո ապահովելու համար անհրաժեշտ է կամ օրենսդրական փոփոխություն կամ որոշակի տեխնիկական հնարքներ (օրինակ արդեն իսկ նշանակված անդամները հայտնեն ինքնաբացարկ, որից հետո նոր նշանակումներ կատարվեն ընտրություններից հետո և հետո նոր ձևավորվեն հանձնաժողովները)։
«Համենայն դեպս այս պահի դրությամբ գործընթացը շարունակվում է օրենքի պահանջին համաձայն, իսկ հայտերը նախորդ տարիների համեմատ բավական քիչ են»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրանտ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան