«Առողջապահության նախարարը մեր ցիվիլ աշխատաոճը չի ընդունում». Դեղարտադրողները դժգոհ են
Հայաստանի դեղարտադրողները ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կոչ են անում ուշադրություն դարձնել դեղարտադրողների կողմից բարձրացրած խնդիրներին:
Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարության փորձագիտական կենտրոնի գործունեությանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում դեղերի գրանցման պետական տուրքը կազմում է 900 հազար դրամ, սակայն անհասկանալի է այն, որ տվյալ դեղը վերագրանցելու համար դեղարտադրողները նորից վճարում են նույնքան գումար:
«Յուրաքանչյուր դեղ փորձաքննություն է անցնում ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում և այդ գումարը վճարում են այդ կենտրոնին: 5 տարի հետո նույն դեղը վերագրանցելու համար դեղարտադրողները նորից վճարում են 900 հազար դրամ: Եթե դեղի բաղադրությունում որևէ փոփոխություն չի եղել, ինչո՞ւ պետք է նորից նույնքան գումար վճարել: Փորձագիտական կենտրոնն ընդամենը պետք է մեկ թուղթ տպի, կնիք դնի ու տրամադրի ընկերություններին, մինչդեռ այդ թղթի համար նորից գանձում են 900 հազար դրամ»,- ասաց Սամվել Զաքարյանը:
Միության նախագահը առողջապահության նախարարին հորդորում է անձամբ զբաղվել այս կոռուպցիոն երևույթով:
Սամվել Զաքարյանը նշեց, որ նախկինում պետությունը դեղամիջոցներ արտադրող տեղական ընկերություններին 750 հազար դրամի սուբսիդիա էր հատկացնում, սակայն այս սուբսիդավորումը չեղարկվել է 2 տարի առաջ: Դրանից հետո, ըստ նրա, Առողջապահության նախարարության հետ քննարկումներ են անցկացրել: Արդյունքում, մշակել են նախագիծ, որի համաձայն, դեղերի կրկնակի գրանցման արժեքը 900 հազար դրամից նվազեցնեն 250 հազար դրամի:
«Նախագիծը 2,5 տարի դրված է իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում: Վեց ամիս առաջ նորանշանակ նախարարին նամակ ենք ուղարկել, խոստացել են, որ այդ հարցին շուտափույթ լուծում կտան, բայց դեռևս ոչ մի քայլ չի արվել: Սա մի խնդիր է, որի մասին անընդհատ խոսում ենք, անընդհատ խոստանում են, բայց ապարդյուն: Պարզապես պետք է քաղաքական կամք դրսևորել և այդ որոշումն ընդունել, որի արդյունքում, տեղական արտադրողները մեկ թղթի համար կվճարեն գոնե 250 հազար դրամ»,- ասաց նա:
Սամվել Զաքարյանի խոսքով՝ տեղական դեղ արտադրողներն այս տարի դեղերի վերագրանցման համար արդեն իսկ վճարել են 50 մլն դրամ: Մինչդեռ այս գումարներն, ըստ նրա, կարող էին ծախսել նոր աշխատատեղերի ստեղծման, նոր դեղերի արտադրության համար:
«Նախարարին հորդորում եմ, որ իր կառույցում գտնվող փորձագիտական կենտրոնի կոռուպցիոն երևույթներին հետամուտ լինի և պարզի, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսում»,- ասաց Միության ղեկավարը:
Սամվել Զաքարյանը հավելեց նաև, որ առողջապահության նախարարը խուսափում է միության անդամների հետ հանդիպել: «Ստոմատոլոգների հետ, որոնք բողոքի ակցիա են կազմակերպում, նախարարը հանդիպեց մի քանի անգամ, իսկ մեր ավելի ցիվիլ աշխատաոճը չի ընդունում: Ուրեմն նախարարին կոնկրետ ասեմ՝ կա կոռուպցիա և գնա դա արմատախիլ արա»,- ասաց Միության նախագահը: