Գեղեցկության մրցույթի հաղթողը մարդ է առևանգել
Թուրք մոդել, «Եվրասիա-2016» գեղեցկության մրցույթում հաղթողը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mirror-ին, գրում է, որ 25-ամյա Սիբել Դեմիռալպը և նրա համախոհները մեղավոր են ճանաչվել մարդու առևանգման, բռնի գումար վերցնելու և կրեդիտ քարտի հետ կապված խախտումների մեջ։
Գեղեցկության մրցույթի նախկին հաղթողի դեմ բողոք է ներկայացրել ոսկերչական խանութի սեփականատերը, ով մեղադրել է նրան շորթման մեջ։ Նրա խոսքով, նրանք ծանոթացել են ինտերնետով, աղջիկը հրավիրել է նախաճաշի, որտեղ էլ ծուղակ էր պատրաստված։ Ոսկերչական խանութի սեփականատերը պատմել է, որ այնտեղ հինգ տղամարդ բռնությամբ հանել են իր հագուստը, լուսանկարել են մերկ և սպառնացել լուսանկարները հրապարակել, եթե նա չվճարի իրենց։ Նա ստիպված կրեդիտ քարտից հանել է 250 հազար լիր և տվել նրանց։
Դատարանում գեղեցկուհին լացել է և խոստովանել մեղքը։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ աղջիկը ցավում է, որ մասնակցել է հանցագործությանը։