Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 8.1%-ով
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.5% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար՝ 7.6% և 3.3% գնանկումը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.5%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 7.6% գնանկում:
Մինչդեռ մրգի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.1% գնաճ, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3% գնանկում:
Վիճակագրության համաձայն՝ 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 6.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.6 տոկոսային կետով:
2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ գրանցվել է 13.5%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում: