Մանարյանի որդին՝ ՀՀ նախագահի ու հոր հանդիպման մասին. Լիքը ծիծաղեցին ու շատ երջանիկ տեսք ունեին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
«Նախագահ Արմեն Սարգսյանն էս առավոտ եկել էր հանձնելու Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչումը: Ինչպես ինքը նկատեց՝ տասնամյակների ուշացումով: Նստեցին ու հիշեցին հին կյանքի դրվագները, ընդհանուր ծանոթներին, լիքը ծիծաղեցին ու շատ երջանիկ տեսք ունեին երկուսն էլ: Դե մենք էլ կողքից....))) Հետո ավելի լավ նկարներ կդնեմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանարդյանի որդին՝ Քրիստ Մանարյանն ու լուսանկար հրապարակել։
Ավելի ուշ նախագահի պաշտոնական էջում հանդիպումից մանրամասներ հրապարկվեցին։
Նախագահ Սարգսյանն այսօր այցելել է սիրված դերասանին ու ռեժիսորին և հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը: «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ: Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով բարձր կոչման ու պարգևի համար՝ Երվանդ Մանարյանն ասել է, որ այն իր ողջ անցած կյանքի գնահատականն է: «Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է»,-արձագանքել է Հանրապետության նախագահը:
Նախագահ Սարգսյանը պարզ ու մտերմիկ զրույց է ունեցել մեծանուն արտիստի հետ, որին հիշում է դեռ իր մանկության տարիներից, իր ծնողների հետ համատեղ ընկերական և բարեկամական հավաքներից: Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հեռավոր տարիների մասին պատմող լուսանկարները պահպանվում են իր ընտանեկան ալբոմներում: «Լուսանկարներից բացի մնում են նաև հիշողությունները»,- ավելացրել է նախագահ Սարգսյանը և հիշել մանուկ հասակում Երվանդ Մանարյանի հետ կապված հետաքրքիր դեպքեր:
Սիրված արտիստն ու նախագահ Սարգսյանը ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցել են արվեստի, մշակույթի մասին, կիսվել իրենց տպավորություններով ու հիշողություններով:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհվեց
- Փաշինյան. Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին
- Փաշինյանն այցելել է Երվանդ Մանարյանին
- Երվանդ Մանարյանը 94 տարեկան է
- Երվանդ Մանարյանը հիվանդանոցում է
- Երվանդ Մանարյանի 91-ամյակն է (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան