Կենսաթոշակառուներին համերգասրահների ու թատրոնների անվճար տոմսեր կտրամադրվեն
ՀՀ մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն այսօր սկիզբ դրեցին մի նախաձեռնության, որի միջոցով հանրապետության կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահներ ու թատրոններ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նշեց, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ թոշակառուներին կարողանան որոշ արտոնություններ ու հնարավորություն տալ։
«Հանդիպեցի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահների ու թատրոնների տնօրինության հետ, որի արդյունքում եկանք այն այն եզրակացության, որ պետության կողմից աջակցություն ունեցող ցանկացած միջոցառման տոմսերի որոշ հատված պետք է տրամադրվի սոցիալական հարցերի նախարարությանը՝ բացառապես թոշակառուների համար։ Այս պահին ֆիքսված թվաքանակ չկա, բայց այն կկազմի դահլիճում նստելատեղերի 2,5 տոկոսից մինչև 20 տոկոսը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2 հազար թոշակառու կկարողանա այցելել թատրոն կամ համերգասրահ։
Ինչ վերաբերում է տոմսերի բաշխմանը, ֆինանսներին ու նախաձեռնության նպատակահարմարությանը, նա նշեց. «Այս ծրագիրն իրականացնելու համար պետական բյուջեից հավելյալ ռեսուրսներ չեն պահանջվելու։ Շատերս երբ այցելում ենք ինչ որ համերգասրահ, տեսնում ենք, որ շատ դեպքերում ազատ տեղեր են լինում, ափսոս է, որ միջոցներ են ծախսվում, բայց արդյունավետությունը 100 տոկոսով չի ապահովվում։ Տոմսերը հատկացվելու են համերգասրահների ու թատրոնների կողմից։ Տոմսի վրա մի քանի լեզվով նշվելու է, որ այն վաճառքի ենթակա չէ։ Նաև, երբ թոշակառուները որոշեն տոմսը փոխանցել իրենց երեխաներին կամ թոռնիկներին, այն պարզապես հսկիչների կողմից չի ընդունվելու»։
Հանդիպմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ասաց. «Մենք պատրաստվում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրենց կյանքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր դարձնել»։
Թանդիլյանը մանրամասնեց, որ միջոցառումը սկսելուց առնվազն երեք օր առաջ ընտրանքային կարգով պետք է կապ հաստատվի թոշակառուների հետ և տեղեկացվի նման հնարավորության մասին։
«Պետք է հետևենք պարբերականությանը, ով որքան է այցելում։ Ամեն անգամ տարբեր քաղաքացիներ կներգրավվեն։ Քաղաքացիները կենսաթոշակի վկայագրով կմոտենան և կվերցնեն տոմսը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե հեռավոր գյուղերի կենսաթոշակառուներն ինչպես կկարողանան օգտվել այս նախաձեռնությունից, քանի որ նրանցից հավելյալ ռեսուսներ կպահանջվի մարզի կամ շրջանի մշակութային օջախ այցելելու համար, Թանդիլյանն ասաց. «Համայնքային բյուջեում նախատեսված գումարներով նրանք կարող են հասնել իրենց մարզի կամ շրջանի մշակութային հաստատությունը»։
Թանդիլյանը չբացառեց ծրագրի ընթացքում խնդիրներ ի հայտ գալը և նշեց, որ ընթացքում մեխանիզմը կբարելավեն։
Լրագրողների մտահոգությանը, թե այս պահին կենսաթշակառուների համար առաջնային են առողջապահական խնդիրները, ինչին ի պատասխան սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ասաց. «Կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց այդ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը, իմ պատկերացմամբ, թոշակառուների բժշկական ապահովագրությունն է, ես հենց այդ ուղղությամբ եմ մտածում»։
Նշենք, որ այդ համագործակցության հուշագիրը նախարարները ստորագրեցին ասուլիսի ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա