Հայկ Մարության. Մինչև վերջ պահանջելու եմ, որ քրեական գործ հարուցվի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին: Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը կանոնակարգող բոլոր պատասխանատուների կողքին:
«Եթե ապօրինի շինարարություն է և փաստաթուղթ չունի, միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:
Քաղաքապետարանից նաև հայտնում են՝ Մարությանը տեղեկացրել է նաև, որ ոլորտն այսուհետև ամբողջովին համակարգելու է Երևանի գլխավոր ճարտարապետը: Վարչության աշխատակիցներից քաղաքապետի պահանջը հստակ է. պետք է նոր որակ հաղորդել աշխատանքներին ու արագորեն արձագանքել ցանկացած ապօրինության, կանխել այն: Դրան զուգահեռ մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է շինթույլտվության գործընթացը:
«Մենք կառուցում ենք նորմալ քաղաք, ձևավորում ենք նորմալ հասարակություն և պետություն»,-նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը:
«Մինչև վերջ պահանջելու եմ, որ քննություն իրականացվի այս հարցով և քրեական գործ հարուցվի՝ հավանական հանցագործությունը բացահայտելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում, որքանով մեզ օրենքը թույլ է տալիս, պետք է այդ մարդուն պատժենք»,- ընդգծել է քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին