Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի դուրս եկած Հայաստանի վերջին ներկայացուցիչ օլիմպիական փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ / 205 կգ + 245 կգ / արդյունքով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը և արժանացավ արծաթե մեդալը։
Նա պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում բարձրացրեց 245 կգ և կրկին փոքր արծաթե մեդալի արժանացավ։
Աշխարհի չեմպիոն հռչակվեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:
«Գոռ Մինասյանը հասավ այն արդյունքի, ինչի համար եկել էր, և իր մեդալը վերցրեց»,- ուղիղ եթերում Գոռին շնորհավորեց Սիմոն Մարտիրոսյանը, ով երեկ արժանացել է ոսկե մեդալի։
Նա նաև շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին աջակցության համար, ինչը, իր խոսքով, իրեն շատ է ոգևորում։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի պատվիրակ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ / 195 կգ + 240 կգ / արդյունքով նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և արժանացել ոսկե մեդալի։ Սիմոնի չեմպիոնական կիլոգրամները նրան վարձահատույց եղան նաև համաշխարհային երկու ռեկորդով / երկամարտ և հրում վարժություն /։
Մինչ այսօրվա հաղթանակը Հայաստանին ոսկե մեդալ էր պարգևել 2010թ․աշխարհի չեմպիոն Տիգրան Գ․Մարտիրոսյանը / 77 կգ /։