Գյուրջյան փողոցում քանդած շենքի տերը պատրաստվում է վնասի փոխհատուցում պահանջել քաղաքապետից
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում այսօր քանդված շինության սեփականատեր «Անի-97» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ահարոնյանը «վերջին կարգի խուլիգանություն, ակնհայտ հաշվեհարդար» ու անօրինական է համարում քաղաքապետարանի արածը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է կայացրել հիշյալ շենքը քանդելու մասին ու հենց այսօր էլ գործի են անցել, շենքը քանդել։ Ընկերության տնօրենը պնդում է՝ իրեն այսօրվա որոշման մասին չեն ծանուցել, մինչդեռ պարտավոր էին, իսկ քանդման աշխատանքներն էլ պետք է լիցենզավորված հիմնարկ իրականացներ։
Ավելի վաղ նման որոշում քաղաքապետը կայացրել էր հոկտեմբերի 29-ին։ Դավիթ Ահարոնյանը Panorama.am-ին հայտնեց, որ քաղաքապետի այդ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան։ Դատարանը վարույթ է ընդունել հայցն ու նիստ նշանակել 2019-ի հունվարի 29-ին։
«Չեն սպասել դատարանի որոշմանը, դատարանը քանդման գործողությունների կասեցման մասին գրությունը ուղարկել է նաև թաղապատերան, ոստիկանություն։ Բայց էս ամեն ինչը հաշվի չեն առել։ Ես տանը պառկած, իմացել եմ, որ եկել են, շինությունը քանդում են։ Հետ ու առաջը խառնել են, դատարանը կասեցում է տվել, իրենք թքած ունեն դրա վրա, եկել են ու սկսել քանդել։ Ապօրինությանը ապօրինությամբ չեն պատասխանում, առաջին հերթին պետք էր դիտարկել օրինականացման հարցը։ Ես հույս ունեի, մի քանի անգամ մերժելուց հետո, հնարավոր կլինի օրինականացնել։ Բայց ես դարձա առաջին զոհը»,-ասաց Ահարոնյանը։
Ահարոնյանն ընդունում է՝ շինությունն ապօրինի էր, ըստ նրա, քաղաքապետարանն ամիսներ շարունակ տարբեր, իր որակմամբ «անհիմն» պատճառաբանություններով մերժել է ու շինթույլտվություն չի տրամադրել, սակայն շինությունը գտնվում է ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ իր սեփական հողի վրա։
«Այն գնել եմ աճուրդով, կանխիկ գումարով։ Ես ունեմ վարձակալած հող, որը գտնվում է շենքի մյուս հատվածում, որտեղ ես ոչ մի շինություն չունեմ։ Իրենք բերել են գիշերով որոշում են հանել, վաղ առավոտյան գաղտագողի, թուրքի նման էքսկավատորը մտցրել են, վարորդն էլ չգիտի, որ մասն է վարձակալած, որ մասը՝ սեփական։ Չնայած վարձակալության պայմանագրում նշված է, որ ես այնտեղ հասարակական նշանակության շինություն պետք է կառուցեմ»,-ասաց Ահարոնյանը։
Նրա խոսքով, մի քանի օր առաջ շինության մոտ է եկել քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ, մի քանի ցուցումներ տվել ոստիկաններին։
ՍՊԸ տնօրենի հաշվարկով, ինքը շինության վրա մոտ 100 հազար դոլար է ծախսել։ Հիմա պատրաստվում է մասնագետներ ներգրավել ու վնասի չափը հաշվել, դրանից հետո կդիմի դատարան իրեն պատճառած վնասը փոխհատուցելու պահանջով։
Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր կայացրած որոշման մեջ նշվում է, որ «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում առանց թույլտվության «Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ինքնակամ շենքը (շինությունը), կառուցված է կոնստրուկտիվ լուծումների ակնհայտ խախտումներով՝ հակասելով Հայաստանի Հանրապետության ՇՆ-11-6.02-2006թ. (սեյսմակայություն շինարարություն) նորմերի պահանջներին»։
Ահարոնյանը համաձայն չէ. «Ես ունեմ երեք հատ փորձագիտական կենտրոնից վերցրած եզրակացություն, որ իմ շենքը 9 բալանոց երկրաշարժի կարող է դիմանալ։ Իրենց բերած էքսկավատորն էլ երկու ժամ չէր կարողանում իմ շենքը քանդել»։
Թե ինչո՞ւ է քաղաքապետը որոշել «առաջին զոհ» դարձնել Ահարոնյանին, վերջինը պատասխանեց. «Մենք խեղճ ու կրակ ենք, իրանք գիտեն, որ մեր մեջքի հետևը ոչ մեկ կանգնած չի, մենք ոչ մեկի մարդը չենք, մեզ 15 տարի է՝ ճանաչում են, գիտեն, որ մեր միջոցները կրիմինալ միջոցներով ձեռք բերված չի»։
Ինչ վերաբերում է ավագանու անդամներից մեկի այն հայտարարությանը, ըստ որի Այարոնյանը մինչ այս 80 անօրինական շինություն է կառուցել, ապա օրինականացրել, նա նշեց, արել է այն, ինչ սահմանված է օրենքով. «Նախ 80 հատ շենք չունեմ, ինչ էլ ունեմ, իրավական բոլոր հիմքերը կան»։
Panorama.am-ը Երևանում առկա ապօրինի ու քանդման ենթակա շինությունների թվի մասին հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, նաև հետաքրքրվել, թե ի՞նչ սկզբունքով են որոշում, ո՞ր շենքը ե՞րբ պետք է քանդվի։ Քաղաքապետարանից խոստացել են պատասխանել հնարավորինս շուտ։