Առաջին աշխարհամարտի հիշատակման արարողության խորհուրդը կամ Մակրոնն ընդդեմ Թրամփի
Նոյեմբերի 11-ին Փարիզում մեծ շուքով ու զուսպ հանդիսությամբ նշվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող զինադադարի հարյուր ամյակը։
Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ 70-ից ավել պետության և կառավարության ղեկավարներ մասնակցեցին հիշատակման միջոցառումներին և Խաղաղության ֆորումին, որոնց հիմնական ուղերձը, ըստ կազմակերպիչների, խաղաղությունն ու հաշտեցումն էր, պատերազմի արհավիրքների հիշեցումը և համագործակցության ու բազմակողմ դիվանագիտության կարևորության շեշտումը։
Հյուրերի շարքում էին նաև ԱՄՆ, ՌԴ, Թուրքիայի նախագահները, Գերմանիայի կանցելը, Կանադայի և Հայաստանի վարչապետերը և բազմաթիվ այլ համաշխարհային առաջնորդներ։
Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած հիշատակման արարողությանը բավականին տպավորիչ ելույթ ունեցավ Ֆրանսիայի նախագահը, ով միջազգային հարաբերություններում դիրքավորվում է որպես գործող լիբերալ աշխարհակարգի պահապան, ինչու չէ նաև առաջնորդ։ Այս փաստն հատկապես աչքի է ընկնում միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած եսակենտրոն և միակողմանի քաղաքականությամբ, որը բխում է ինքն իրեն «ազգայնական» կոչած նախագահի «Ամերիկան առաջինը» կարգախոսից։
Նույն ելույթում նախագահ Մակրոնը, կարծես հակադարձելով Թրամփին, հայտարարեց, որ «հայրենասիրությունը նացիոնալիզմի ճիշտ հակադրությունն է»։ «Նացիոնալիզմը դավաճանություն է հայրենասիրության նկատմամբ»,- ասաց Մակրոնը, - շարունակելով՝ «առաջին հերթին սեփական շահերը հետապնդելով, առանց ուշադրություն դարձնելու ուրիշների վրա, մենք ջնջում ենք այն, ինչ ազգը պահում է ամենավիրական ձևով, այն ինչ նրան կյանքն է տալիս, դարձնում մեծ․ դա նրա բարոյական արժեքներն են»։
Բացի նման բովանդակային հայտարարություններից, ֆրանսիական կողմը նաև արարողակարգային միջոցներով էր փորձել հակազդել կամ գոնե նվազեցնել Թրամպի հնարավոր վնասը այդ կարևոր միջոցառման նշանակության և հանրային ընկալման վրա։ Մեդիա ուշադրությունը չշեղելու նպատակով և միակողմանի հնարավոր գործողութունները կանխելու նպատակով չանցկացվեց նախապես հայտարաված Թրամփ-Պուտին հանդիպումը։ Նույնիսկ ճաշի ժամանակ էին փորձել այնպես նստեցնել առաջնորդներին (նրանք նստել էին դեմ դիմաց), որ երկկողմ խոսացկությունը բարդ լիներ։ Այդուհանդերձ, ըստ հաղորդագրությունների, ԱՄՆ և ՌԴ նախագահներն առիթ ունեցել են զրուցելու երեկոյան ընթրիքի ժամանակ՝ ֆրանսիական կողմի համար կարևորը տեսախցիկներից հեռու։
Առաջին աշխարհամարտի հիշատակման արարողության միտքը միասնականություն ցույց տալն էր, որ համաշխարհային առաջնորդները համերաշխ են ու միաբան՝ պատերազմի ու դրան տանող նացիոնալիզմի դատապարտման գործում։ Եվ որպես այս բոլորի առաջին սպառնալիք ընկալվում է, ինչքան էլ տարօրինակ չթվա, ոչ թե ահաբեկիչներն են կամ ինչ-որ ավտորիտար երկիր, այլ լիբերալ ժողովրդավարության օրրաներից մեկը՝ ԱՄՆ։
Տպավորություն կա, որ եվրոպական առաջնորդները ջանքեր են գործադրում միասնական կերպով ամերիկյան իզոլիացիոնիզմի և միակողմ գործողությունների դեմն առնելու համար, ինչն արդեն վնասում է նաև եվրոպական անվտանգության համակարգին։
Թրամպի մի շարք գործողությունները, մասնավորապես՝ Փարիզի կլիմայի վերաբերյալ պայմանագրից դուրս գալը, Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը, Իրանի հետ գործարքից հրաժարվելը, Ռուսաստանի հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից դուրս գալու մտադրությունը, արդեն իսկ ցույց են տալիս որ գործող աշխարհակարգը, ինստիտուտներն ու իրավունքը ամերիկյան ներկա վարչակարգին քիչ են հետաքրքում։ Իսկ դա ուղղակի հարված է Եվրոպական միության գոյության իմաստին և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Իզուր չէ, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր եվրոպական լիարժեք զինված ուժեր ունենալու մասին, ինչը հնարավորություն կտա պաշտպանվել Ռուսաստանից, Չինաստանից, նաև ԱՄՆ-ից։ Պատասխանը Թրամփը տվել էր թվիթերում՝ այդ միտքն անվանելով «շատ վիրավորական» և կոչ արել Եվրոպային առաջին հերթին վճարել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման իրենց բաժինը։
Այս ամենով ակնհայտ է դառնում Թրամփ-Մակրոն դերային հակադրությունը, որն ինչ-որ առումով նաև ԱՄՆ-Եվրոպա հակադրման արտացոլումն է։ ԱՄՆ-ը հանդես է գալիս կոշտ ուժի դասական դիրքերից, իսկ Եվրոպան փափուկի ուժի հետմոդեռնիստական դիրքերից։
Սրանով հանդերձ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործողությունները որոշակի կասկածների տեղ են թողնում կապված նրա մտադրությունների անկեղծության հետ։ Ինչքան էլ որ հայտարավել, որ նոյեմբերի 11-ի միջոցառումը նվիրված չէ հաղթանակին, խոսվում էր «տրիումֆիալիզմի» բացառելու և ազգայնականության դատապարտման մասին, թվում է, թե արարողության մեջ կար նաև թաքնված ուղերձ։ Կարծես սա ֆրանսիական մեծապետության ժամանակակից, լիբերալ փաթեթավորված տարբերակը լիներ, որը քաղաքական կոռեկտության ընդունված սահմաններում, ֆրանսիական ռազմական հաղթանակները խորհրդանշող «Հաղթանակի կամարի» ներքո ընդգծում է ֆրանսիական ազգի հովանավորչական մեծահոգությունը պարտված կողմի նկատմամբ և ուրվագծում աշխարհակարգի պահպանման սեփական խաղի կանոնները։ Այլ քննադատներ նշում են նաև, որ նախագահ Մակրոնն ունի նաև ներքաղաքական խնդիրներ և նման «գրանդիոզ» միջոցառումներով փորձում է իր շուրջ համախմբել հայրենասիրական, բայց ոչ ազգայնական ուժերին։
Ինչև, անկախ մեծ տերությունների ունեցած ակնկալիքներից, հուսանք, որ ոգեկոչման այս արարողությունը իր նպաստը կբերի խաղաղության պահպանման գործին և պատմությունը չի կրկնվի իր ամենավատ դրսևորումներով։
Ինչպես Խաղաղության ֆորումում ելույթում ասել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ «մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա»:
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը 101 տարեկան կնոջը համոզում էր, որ ինքը Բրիջիթ Մակրոնը չէ
- Փարիզում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի չի ունենա Մակրոնի պատճառով
- Մակրոնը զգուշացնում է Եվրոպային
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան