Ճապոնիայում զբոսաշրջիկներին կհետևեն Wi-Fi-ի միջոցով
Կիոտոյում կփորձարկեն նոր համակարգ, որը կվերահսկի ու կկանխատեսի զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաև կկառավարի այցելուների հոսքը հանրահայտ վայրերում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Japan Times-ին:
Ճապոնիայի զբոսաշրջության նախարարության պիլոտային ծրագիրը, կիրականացվի Կիոտոյում և Արասիյամա շրջանում: Կիոտոյի արևմտյան այս տարածքը հայտնի է իր հիանալի լանդշաֆտներով` միջնադարից սկսած:
Մինչև դեկտեմբերի 17-ը համակարգը կվերահսկի զբոսաշրջային տարածքները: Ավելի վաղ՝ սկսած սեպտեմբերի կեսերից, 13 վայրերում տեղադրվել են ցուցիչներ, որոնք հետևում են Wi-Fi-ի ակտիվ ազդանշաններին, հավաքում են տվյալներ այցելուների քանակի մասին, ինչպես նաև՝ որքան ժամանակ են նրանք մնացել դիտարկված վայրերում:
Ըստ աղբյուրի՝ ցուցիչների միջոցով ստացված տվյալները համացանցում հասանելի կլինեն այլ զբոսաշրջիկների համար ճապոներենով ու անգլերենով, վեբ կայքերն էլ ճանապարհորդների համար կնշեն զբոսանքի համար հասանելի երթուղիներն ու ժամերը: