«Լոռի»-«Փյունիկ» հակամարտությունը շարունակվում է
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել էր «Փյունիկին»: Խաղի ավարտին սկանդալային միջադեպ էր գրանցվել: «Լոռիի» ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ըստ «Փյունիկի» մարզիչների, հարձակվել էր գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի վրա:
Հետխաղյա ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչը ՀՖՖ-ին կոչ էր արել հետևողական լինել խաղերի կազմակերպմանը, իսկ «Լոռին» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ` նշելով, որ ողջ խաղի ընթացքում «Փյունիկի» մարզչական շտաբը վիրավորել ու ռասիստական խոսքեր է ասել ֆուտբոլիստի հասցեին: Այսօր Վանաձորի ակումբը հերթական հայտարարությունն է տարածել և նշել, որ իրենց ֆուտբոլիստը չի հարձակվել ու չի խփել մրցակից թիմի մարզչին:
«Ի պատասխան «Փյունիկի» «փաստերով լի» հայտարարությանը, ևս մեկ անգամ ընդգծում ենք․ «Լոռիի» ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հանդիպման ավարտից հետո չի հարվածել «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցևին, թեպետ վերջինիս կողմից խաղի ընթացքում եղել է պրովոկացիա՝ ռասիստական եւ վիրավորական արտահայտությունների տեսքով: «Փյունիկի» տեղադրած տեսագրության մեջ անգամ երևում է, որ Ուդոհ Եթոպը գնում է դեպի Նագայցևը, որպեսզի ճշտի վերջինիս պահվածքի պատճառները, բայց մրցակցի մարզչական շտաբի ներկայացուցիչները թույլ չեն տալիս մոտենալ նրան:
Խաղից հետո «Փյունիկի» մի քանի ներկայացուցիչներ մասնավոր զրույցների ժամանակ անգամ նշում էին, որ այդ երկուսը՝ Նագայցևը և Տալալաևը, թույլ չտվեցին իրենց թիմին վայելել հաղթանակը: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում մեր թիմի տնային հանդիպումներին մշտապես ներկա է լինում ավելի քան 500 հանդիսական, և մենք հասկանում ենք, որ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների համար վերջին տարիներին դա բացառիկ և անսովոր երևույթ է, ու հորդորում ենք միջադեպը չտեղափոխել երկրպագուների հարթություն ու նրանց կողմից հանդիպման ընթացքում հնչեցրած արտահայտությունները չհամեմատել ձեր մարզիչների՝ ամբողջ հանդիպման ընթացքում ցուցաբերած վարքի հետ։
Ինչպես արդեն երեկ հորդորով դիմել էինք ձեր մարզչին, հիմա դիմում ենք նաև ակումբին՝ զբաղվե՛ք ձեր ակումբի ներկայացուցիչների կարգապահությամբ, այնուհետև որևէ մեղադրանք հնչեցրեք ուրիշների հասցեին։ «Փյունիկը» մեծ թիմ է, մեծ պատմությամբ, հաճելի է մրցակցել երևանյան ակումբի հետ խաղադաշտում»,- գրված է հայտարարության մեջ: