Մենք բռնցքամարտից չենք վախենում. Աշոտյան
ՀՀԿ-ն շահագրգիռ է, որ այս ընտրությունները լինեն շատ լավ որակի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եթե այս ընտրությունների վրա ստվեր նետող լինի, այդ ստվերը նետելու է բացառապես կառավարությունը և դրա մեջ իր որոշիչ ձայն ունեցող վարչապետը։ Եթե վարչապետն իրոք ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է օր առաջ հղումներ անել, ուղերձները տալ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, որ այս ընտրությունները պետք է նմանվեն բռնցաքմարտի։ Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի»։
Նրա խոսքով՝ քաղաքակիրթ մրցակցության համար իրենք պատրաստ են քաղաքական բանավեճի։
«Եթե խոսքը գնում է խուժան կռվի մասին, ապա դրա արդյունքում մենք կունենանք խուժան խորհրդարան՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- նշեց Աշոտյանը։
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ընտրությունները բերել դեկտեմբերին։ Նա տեսնում է շաբաթ-շաբաթ գահավիժող իր վարկանիշը, նա տեսնում է, որ երկրի իրական պրոբլեմները որը կապ չունեն իր նախընտրական խոստումների և ճառաբանության հետ։ Նա տեսնում է, որ ամենացինիկ ձևակերպումը վերջին շաբաթների՝ դարձել է անգամ իր ամենամոլի երկրպագուների քննադատության թիրախ, որ երկրում կա 800 հազար պորտաբույծ։ Ես որպես ՀՀ քաղաքացի՝ մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն չապրի»,- ասաց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ ԱԺ դահլիճում կառավարությանն աշխատացնող մարդիկ են պետք. «Որևէ մեկդ կասկածու՞մ է, որ ես, Էդիկը, Վիգենը, Արփինեն, Վահրամը այդ մարդկանց աշխատեցնելու ենք՝ մեր գիտելիքով, քննադատությամբ, իմացությամբ։ Մենք մրցակցային առավելություններ ունենք, որոնք չենք ուզում տուն տանել»։
«Մենք այսօր իշխանության չենք հավակնում: Հայաստանում ունիկալ ընտրություններ են, սրանք իշխանության ընտրություն չեն: Մենք մեր սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, գնացել ենք: Վերջ, քըխ «Հանրապետականն» այլևս իշխանության չէ: Եկել է իշխանություն, որն ասում է՝ ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ, ուժեղ եմ: Իշխանության կարիքը ընդդիմության մեջ է: Ղարաբաղյան հակամարտության հարցով, եթե, Աստված չանի, տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, չի կարողանալու ասել՝ ժողովրդի հետ խնդիր եմ ունենալու: Ինքը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ժողովուրդը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ խորհրդի քաղաքական հայտարարության նախագիծը
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
- ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին