ՌԴ զինված ուժերն ու սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում. Տոնոյան
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ու սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, որ Ռուսաստանի զինված ուժերն ու սահմանապահ ուժերը իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարությունը: Դա անհերքելի փաստ է: Կարծում եմ, որ նոր կամ հին Հայաստանում անվտանգության հարցը չի փոխվել»,- հայտնեց Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ նախագիծը հաջողված է:
«Դա շատ հաջողված նախագիծ է, որի իրականացմանը մասնակցում է ամբողջ ժողովուրդը»,- նշեց նա և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում, երբ Հայաստանի տնտեսական հնարավորություններն աճեն, նման ծրագրի անհրաժեշտություն չի լինի։
Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ բացի 2017 թվականից, նույն պայմաններով փոխհատուցում են տրամադրում նաև 2015- 2016 թթ.-ին զոհված ու վիրավորված զինծառայողներին:
«Հուսով եմ, որ ակտուարական հաշվարկների հաշվին կկարողանանք փոխհատուցել նաև 2013-2014 թվականներին զոհվածներին ու վիրավորվածներին»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան