Զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, բայց նրանց կտրվեն հավելավճարներ. Դավիթ Տոնոյան
Զինված ուժերում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելիս խոսում էր սպաների աշխատավարձերի բարձրացման մասին, սակայն բյուջեով աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում:
«Այո, անգամ 26.6 տոկոս բարձրացվող պաշտպանական բյուջեում, որի 45.5 տոկոսը աշխատավարձերն ու հավելումներն են, նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում: Սակայն Պաշտպանության նախարարությունը խնայողությունների միջոցով հնարավորություն ունի հավելավճարների միջոցով հոգալ աշխատավարձի բարձրացումը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ առաջնահերթություն է տրվելու մարտական հերթապահություն իրականացնողներին:
Ըստ Դավիթ Տոնոյանի՝ տնտեսության զարգացման, հարկերի պատշաճ վճարման, բյուջեի ավելացման պարագայում արդեն կխոսեն զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին:
Անդրադառնալով զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման մասին հարցին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց. «Այսօր ՊՆ բնակարանային ֆոնդը, օրինակ՝ N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում: Այսօր կարիքավորների թվաքանակը գրեթե հավասար է 25 տարվա ընթացքում ստեղծված թվին: Ի՞նչ ենք մենք անում. բնակարանային ֆոնդի մի մասը՝ մոտ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման: Այդ աշխատանքը ես արդեն կատարում եմ, և 122 զինծառայող ստացել է բնակարան՝ որպես սեփականություն: Ընդ որում, ստանում են նրանք, որոնք կարիքավոր են»:
Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ մեկ այլ լուծում է հիպոթեքային վարկը, որը բավականաչափ մատչելի է զինծառայողների համար: Իր որոշմամբ՝ այդ հնարավորությունը տրվելու է ոչ միայն երիտասարդ սպաներին, այլև 10-20 տարի ծառայածներին:
Ինչ վերաբերում է ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովմանը, նա նշեց, որ նրանց համար այդպսսի երաշխիք չկա: «Քաղծառայողները միգուցե ժամանակին եղել են զինծառայող, զորացրվելուց հետո շարունակում են ՊՆ-ում աշխատել որպես քաղծառայող, բնակարան ստանալու իրավունքը վաստակել են, սակայն բնակարանների հերթի տեսանկյունից ոչ մի առավելություն դա նրանց չի տալիս»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան