Պաշտոնապես հայտարարում եմ՝ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել». Դավիթ Տոնոյան
«Որպես պաշտպանության նախարար՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել»»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե պարբերաբար լուրեր են շրջանառվում Նախիջևանում հակառակորդի կողմից դիրքերն առաջ տալու, ինչպես նաև ավելի շատ նշանառության տակ հայտնվող գյուղերի մասին:
Նրա խոսքով՝ դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է:
«Ընդ որում, Նախիջևանի տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել: Հաշվի առնելով այդ առաջխաղացումը՝ մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի չեզոքացնենք հնարավոր առավելությունները, որոնք կարող էին առաջանալ այդ տեղաշարժից: Այդ գործողությունները հաջողությամբ արվել են»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը:
Նա նաև նշեց, որ հրամկազմը շփումների մեջ է տեղի բնակչության հետ, աշխատում են, բացատրում են, որ այդ դիրքերի տեղափոխումը իրենք չպետք է սպառնալիք գնահատեն:
«Այն ռիսկերը, որոնք գոյություն ունեն, մենք նվազեցրել ենք: Այս խնդիրը մի քանի անգամ բարձրացվել է նաև մեր տարբեր գործընկերների առջև»,- հավելեց նա:
Հարցին՝ հայկական կողմն այդ ուղղությամբ ունի՞ դիրքային բարելավումներ, նա դրական պատասխան տվեց. «Այո, և ոչ՝ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Ադրբեջանում: Այսինքն՝ կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով:
«Տեղեկություններն, իհարկե, այդ պաշտոնյաները ստանում են և մեր Զինված ուժերից, և Ադրբեջանի Զինված ուժերից: Կապը մինչ այժմ գործում է անխափան, Դուշամբեի պայմանավորվածությունները գործում են»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է օպերատիվ կապի հաստատման գործընթացում անմիջական հրամանատարների ներգրավմանը՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ այդ հարցը իրենք բարձրացնում են. «Դա ռիսկերի նվազեցման, միջադեպերի կանխարգելման համար շատ հզոր միջոց կարող է լինել, բայց այս փուլում մենք սահմանափակ ենք: Եւ Մինսկի համանախագահների առջև բարձրացնում ենք այդ հարցը, որ նպատակահարմար է ունենալ նաև այդպիսի կապ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի միջև աստեղծված օպերատիվ կապն իսկապես գործող է. Աննա Նաղդալյան
- Պաշտպանության նախարարը այցելել է նախիջևանյան սահման
- Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ
- Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական վերադիրքավորման փորձերը անընդունելի են. ԱԳՆ
- Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինուժը պատասխանել է կրակով
- Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Տոնոյան
- Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան