«Ցանկացածս այդ վիճակում լինեինք, առաջինն ինքը կօգներ»
Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանումում նոյեմբերի 7-ից գործում է բարեգործական ցուցահանդես-վաճառք, ստացված հասույթը կտրամադրվի ակադեմիայի շրջանավարտներից մեկի բուժման ծախսերը հոգալուն: Ներկայացված են ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների աշխատանքները: Կազմակերպիչը հենց ուսանողներն են։
Panorama.am-ը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանման ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Մաթևոսյանից տեղեկացավ, որ արդեն վաճառվել է 10 աշխատանք, հավաքվել է 200 հազար դրամ։
«Սպասում ենք նորանոր հյուրերի, հուսանք ավելի շատ կվաճառվի»,- նշեց նա՝ հավելելով, որ այն փաստը, որ գումարն ուղղվելու է հիվանդ ուսանողուհու բուժմանը, ավելի է ոգևորում ցուցահանդեսի այցելուներին։
Ա. Մաթևոսյանը նաև տեղեկացրեց, որ իրենց ստորաբաժանման ֆեյսբուքյան էջում տեղադրված են բոլոր ստեղծագործությունների լուսանկարները, նշված են գները, ցանկացողները կարող են նաև այդպես տեսնել աշխատանքները։ Օն-լայն արդեն 2 նկար է վաճառվել։ Գները որոշել են հենց ուսանողները, իսկ ովքեր դժվարացել են, օգնել է դասախոսական անձնակազմը։
Անահիտը երեկ է այցելել հիվանդ ուսանողուհուն .«Արդեն կայուն վիճակ է իր մոտ, երեքշաբթի վիրահատելու են»։
Ուսխորհրդի նախագահի խոսքով, սկզբում նա տեղյակ չի եղել, որ ուսանողները արյուն են հանձնել, կամավոր գումար են հավաքել իր բուժման համար։
«Հետո արդեն իմացել է, ասում է՝ չեմ ուզում որևէ մեկիդ անհանգստացնեմ, նեղություն տամ։ Ցանկացածս այդ վիճակում լինեինք, առաջինն ինքը կօգներ»,- ասաց Անահիտ Մաթևոսյանը։
Ցուցահանդես-վաճառքը շարունակվելու է մինչև նոյեմբերի 15-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան