Տարվա լավագույն դաստիարակն ու ուսուցչուհին Աշտարակից են
«Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Արագածոտնի մարզի Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը, «Տարվա լավագույն դաստիարակ»` նույն մարզի Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը: Իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում հաղթել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը: «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են դրամական պարգևներ:
«Ուսուցչի տոնը շատ կարևոր է հետևյալ հիմնավորմամբ. մենք պարտավոր ենք հետևողականորեն բարձրացնել ուսուցչի վարկանիշն ու հեղինակությունը: Ուսուցիչն ու տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են` դպրոցում կրթական ծրագրերը իրագործելիս: Առանց ուսուցչի և տնօրենի օգնության, առանց նրանց ակտիվ միջամտության կրթական ծրագրերը պարզապես իրագործելի չեն»,- պարգևատրման արարողությունից հետո՝ իր խոսքում նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Միջոցոռմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն էլ պարգևներ է հանձնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին:
«Կրթությունը, պաշտպանությունը և դաստիարակությունը մենք դիտարկում ենք միասնական համակարգում: Նաև դպրոցի և ուսուցչի տված կրթության և դաստիարակության շնորհիվ է, որ մենք ունենք զինվորներ, ովքեր պաշտպանում են առաջնագիծը, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կրում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- նշեց Տոնոյանը: