Երգչուհի Մայլի Սայրուսը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հայտարարել է, որ Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զրկվել է իր տնից։
«Իմ շրջանում բռնկված հրդեհի պատճառով հուսահատված եմ։ Բայց իմ բախտը բերել է։ Իմ կենդանիներն ու իմ ամբողջ կյանքի սերն անվտանգ են, և դա միակ բանն է, ինչն ինձ համար նշանակություն ունի։ Իմ տունն այլևս չկա, բայց այնտեղ ընկերներիս և ընտանիքիս անդամների հետ անցկացրած ժամանակների հիշողություններն ընդմիշտ կմնան»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, երգչուհին գրել է իր Թվիթերում։
Սայրուսը նաև շնորհակալություն է հայտնել հրշեջներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շոտլանդացի հայտնի դերասան Ջերարդ Բաթլերի և կանադացի երաժիշտ Նիկ Յանգի տները նույնպես այրվել էին հրդեհի ժամանակ։
Անցած չորեքշաբթի օրվանից Կալիֆորնիայի հյուսիսում բռնկված հրդեհը նահանգի պատմության մեջ ամենաավերիչն է։ CNN-ի հաղորդմամբ, հրդեհն ընդգրկել է 45 հազար հեկտար տարածք։
Ընդհանուր առմամբ, Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ, հիմնականում Լոս Անջելեսի շրջակայքում, որտեղից տարհանվել է 170 հազար մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 31 մարդու մահվան մասին, ևս 228 մարդ անհայտ կորած է։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք