«ՔԿՀ-ներում քրեական մշակույթի հաղթահարման իրական ուղիներից մեկը կրթության համակարգի ներդրումն է»
«Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի։ Հստակ կանոններ ու ստանդարտներ կան սահմանված, որ բանտում պատիժը կրելու պայմաններն առնվազն չպետք է լինեն ավելի վատ, քան հասարակությունում է»,- «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկմանն ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը։
Նա նշեց, որ բժշկությունը, կրթությունը, հատուկ ստանդարտ է, որ պետք է լինեն հավասար այնպես, ինչպես բանտից դուրս է. «Կարևորագույն առանձնահատություններից է, որ Հայաստանի և յուրաքանչյուր պետության պոզիտիվ պարտականությունն է իր ենթակայությամբ պահվող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում»։
Ա. Գասպարյանի խոսքով, կրթությունը բանտում ենթադրում է օգտվել գրադարաններից, կազմակերպել մշակութային, սպորտային միջոցառումներ, նաև դիտարկել սոցիալական հմտությունների ուսուցումը որպես կրթության մաս։
Ա. Գասպարյանն ասաց, որ կրթությունն այսօր բանտում նախատեսում է երեք հստակ նպատակ. ապահովելով կրթությունը՝ ապահովում են ՔԿՀ-ների բացասական ազդեցության հնարավորինս նվազումը, ապահովում են կրթության շարունակականությունը և մասնագիտության և կրթության միջև ուղիղ կապը, վերասոցիալականացման և պատժից ազատվելուց հետո վերաինտեգրման պրոցեսներն արդյունավետ դարձնելը։
Ի թիվս բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են, նրա խոսքով, առաջիկա երեք տարիներին կարելի է լուծել մի քանի հարց։
«Բանտում, այո, կա կրթության իրավունք, բայց մենք չունենք որևէ իրավական կարգավորում ինչպես հարցի պատասխանի համար, չունենք հստակ մեխանիզմ, թե ինչպես ենք ապահովում, օրինակ, ազատազրկվածի անընդհատյա կրթության ապահովումը, ինչպես ենք ապահովում տարրական ֆորմալ կրթությունը։ Դրանք պետք է լինեն կառավարության որոշումներով»,- ասաց Ա. Գասպարյանը։
Քննարկմանը ներկա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ, իր համոզմամբ, ՔԿՀ-ներում տարիներ շարունակ գոյություն ունեցող և չհաղթահարված քրեական մշակույթի հաղթահարման իրական ուղիներից մեկը կարող է հանդիսանալ կրթության համակարգի ներդրումը։
«Մարդիկ պարապ են, զբաղմունք չունեն, բնականաբար, այդ բացն ինչ-որ ձևով պետք է լրացնեն։ Եթե պետությունը չի լրացնում, իրենք են լրացնում և այլ մարդիկ այլ արեժքային համակարգով»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վերասոցիալականացումը սկսվում է քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից. Ա.Գասպարյան
- Պրոբացիոն ծառայության նպատակը անձի վերասոցիալականացումն է. Սուրեն Քրմոյան