«Առաջարկում եմ այսպիսի մտադրություն ընդհանրապես չունենալ». Ջանջուղազյանը՝ Աղազարյանին
«Հանրային սպասելիքներն այլ էին, ենթադրվում էր՝ «նոր Հայաստան՝ նոր որակի բյուջե», սակայն այս պահին ունենք այն, ինչ ունենք․ սա իներցիոն բյուջե է»,- խորհրդանարում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին։
Պատգամավորը հետաքրքրվեց. «Հիմա մենք պե՞տք է կարողանանք այս բյուջեի մեջ տեղավորել մեր նորությունները, մտածելու որակը, որը պետք է բան փոխեր մեր սպասելիքներում։ Հիմա եթե ընդունում ենք, որ ծրագրային բյուջետավորումը նոր բան է, և դուք դա համարում եք բավարար, սակայն ինձ հետաքրքրում է՝ արդյոք մտածե՞լ եք բյուջեի ծախսային մասը նոր բանաձևով հաշվելու մեխանիզմը, և հաշվե՞լ եք ծախսը՝ ըստ տված արդյունքի»։
Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենց սպասելիքները կարող են շատ հակասական լինել. «2019 թվականի բյուջեի առանձնահատկությունն այն է, որ գնահատվում են ոչ թե գործընթացները, այլ դրանց արդյունքները, որոնք ակնկալվում է արձանագրել ծախսած ֆինանսական միջոցների հաշվին։ Իհարկե, սա կատարյալ լինելուց հեռու է, բայց մեր բոլորի ջանքերով, ես համոզված եմ, որ հնարավոր է հասնել այն վիճակին, որ գործընթացի արդյունավետության մասին հնարավոր լինի դատողություններ անել բյուջեում առաջարկված ցուցանիշներով»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է այնպես լինի, որ որոշ կառույցներ ներեն Հայաստանի արտաքին պարտքի մի մասը և երկրի բեռը թեթևանա:
«Առաջարկում եմ այսպիսի մտադրություն ընդհանրապես չունենալ։ Դա ամենալավ լուծումը չէ: Այստեղ մենք պետք է մտածենք ոչ թե խնդրելու մասին, որպեսզի մեզ ներվի այդ պարտքը, այլ մենք պետք է մտածենք, թե մեր տնտեսությունը ինչքան արագ զարգացնենք, որպեսզի այդ պարտքի սպասարկումը մեզ համար դառնա չնչին և իրենից ոչինչ չներկայացնող։ Հայաստանը համարվում է նվազ պարտք ունեցող երկիր, և Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի պարտքային պարտավորությունները հստակ, ճշգրիտ կատարի: Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս 2013 թվականից Հայաստանը համարվում է միջին, ցածր եկամուտ ունեցող երկիր, ինչի պատճառով միջազգային կառույցները պակաս արտոնյալ պայմաններով են վարկեր տրամադրում»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան