Տարվա լավագույն ֆիլմը՝ հանդիսատեսի ընտրությամբ
Ամերիկյան ամենամյա People's Choice Awards մրցանակաբաշխության «2018 թվականի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Marvel ընկերության «Վրիժառուները․ Անվերջության պատերազմ» արկածային մարտաֆիլմը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ENews պորտալը։
Տարվա լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Ջեյմս Ֆոուլիի «Ազատության 50 երանգը», լավագույն կոմեդիա՝ Սուսաննա Ֆոգելի «Լրտեսը, ով ինձ գցել է» ֆիլմը, լավագույն ընտանեկան ֆիլմ՝ «Սուպեր ընտանիքը 2» մուլտֆիլմը։
Բացի այդ, հանդիսատեսն ընտրել է լավագույն կինոաստղերին։ Լավագույն դերասան է ընտրվել Չեդվիկ Բոուզմանը, ով հանդես է եկել «Սև հովազ» ֆիլմում գլխավոր հերոսի դերում, լավագույն դերասանուհի՝ Սկառլետ Յոհանսոնը, ով խաղացել է «Վրիժառուները․ Անվերջության պատերազմ» ֆիլմում։
Ամերիկյան People's Choice Awards-ի մրցանակները շնորհվում են փոփ-մշակույթի գործիչներին հանդիսատեսի քվեարկության արդյունքում։ Այն տրվում է ամեն տարի 1975 թվականից։ Մինչև 2005 թվականը յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին պարզում էին սոցիոլոգիական հարցման միջոցով, այնուհետև կազմակերպվում է քվեարկություն Ինտերնետով։