Վերջին հրաժեշտը՝ Յուրի Վարդանյանին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, մարզական աշխարհի ներկայացուցիչներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, ընկերներն ու հարազատները, քաղաքացիները վերջին հրաժեշտ են տալիս աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանին։
«Լեգենդ էր, բայց միևնույն ժամանակ ոչ մի աստղային բան չկար նրա մեջ։ Նրա ուրախությունը ժողովրդին ուրախություն պատճառելն էր։ Ինքը դրանից ուրախանում էր։ Շատ համեստ մարդ էր, փառասիրություն չուներ։
Մեր ընկերությունը սկսվել է 76 թվականից, մինչև այսօր ընկերներ ենք։ Հոյակապ ընկեր էր, բոլորին օգնում էր, անգամ անծանոթներին։ Իր համար բոլոր դռները բաց էին, բայց անձնական ոչինչ չէր խնդրում, ուրիշների համար էր խնդրում։ Գիտեք, որ ծանր հիվանդ էր, Ամերիկա էր գնացել բուժվելու։ Ասում էր՝ կբուժվեմ, էլի կաշխատեմ, եռանդը միշտ կար»,-հիշում է Վարդանյանի ընկերը՝ Կարապետ Օհանյանը։
նրա խոսքով, Վարդանյանը որտեղ էլ աշխատել է, ծանրաձողը միշտ եղել է նրա սենյակում, միշտ մարզվել է։
Հումորիստ Աշոտ Ղազարյանը, «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն ու Յուրի Վարդանյանը մտերիմ ընկերներ են եղել։
«Մի օր Խորեն Հովհաննիսյանը զանգեց, ասեց՝ ո՞ւր ես, ավտոդ մի հանի, գալիս եմ գնանք Լենինական, Յուրան վթարի է ենթարվել, ծանր վիճակում է, հիվանդանոցում է։ Ճանապահները սառույց, մի կերպ հասել ենք Լենինական, բարձրացել ենք տուն, տեսնենք, սեղանը ճոխ դրած, նստած է։ Ծիծաղում է, որ ասեի՝ եկեք մի կտոր հաց ուտենք, կասեիք՝ էսօր-էգուց... Ինքը լավ ընկեր էր։ Նա է մեր տանը մնացել, ես եմ իրենց տանը մնացել։ Սա ինձ համար դաժան, կրկնակի կորուստ է, համ կորցրել ենք Յուրիկ Վարդանյանին, համ մտերիմ ընկերոջը»,-ասում է Աշոտ Ղազարյանը։
Ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը ցավում է՝ Յուրան շատ երիտասարդ էր, նրա գնալու ժամանակը չէր։
«Յուրայի մասին շատ բան կարելի է ասել, լավ մարդ է, ընտիր ընկեր, ապրել է իր ժողովրդով։ Մարդ կա տնից է գնում, մարդ կա քաղաքից է գնում, մարդ էլ կա, աշխարհից է գնում։ Յուրան աշխարհից է գնում։ Պետք է ամեն բան անել, որ նրա տեղը բաց չմնա...»,-ասում է Գասպարյանը։
Համալիրում սիրված մարզիկին, քաղաքական գործչին հրաժեշտ տալու են եկել Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, նախօրեին աշխարհի փոխչեմպիոն դարձած Գոռ Մինասյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Վերջինը հիշում է՝ հաճախ է հանդիպել Վարդանյանի հետ, բախտ է ունեցել մարզվել, ձգումներ անել Վարդանյանի հետ։
«Համբերություն մաղթենք բոլորին ու մխիթարվենք նրանով, որ հանգչելու է մայր հողում»,-նշում է Օհանյանը։
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Գյումրիում հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին
- Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին
- Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին