Ո՞ր շինությունն է քանդվելու հաջորդը
Նոր Նորքում ապօրինի շինության քանդումից հետո միմյանց ուղղված մեղադրանքները չեն դադարում։ Շինության սեփականատերը սպառնում է դատի տալ քաղաքապետարանին, քաղաքապետարանն էլ հիշեցնում է՝ իրենց հորդորները չի լսել, շինարարությունը չի կասեցրել, իսկ ամեն հորդորից հետո էլ ավելի արագացրել է շինաշխատանքները։
Քանի՞ ապօրինի շինություն կա մայրաքաղաքում, դրանից քանի՞սն են ենթակա քանդման, ինչպե՞ս է որոշվում, թե որ շինությունն է քանդվելու հաջորդը։ Այս հարցերը Panorama.am-ն ուղղել է քաղաքապետարան։
Այսպես, Երևան քաղաքում քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից 2018 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ արձանագրվել է 265 իրավախախտման դեպք։
«Նշված դեպքերից թվով 14 իրավախախտումների վերաբերյալ Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է ապօրինի շինարարությունների, ինքնակամ կառույցների քանդման կամ ապամոնտաժման մասին որոշումներ, որոնցից թվով 2 որոշումների պահանջները կատարվել են, թվով 1 որոշման պահանջները կատարվել են մասնակի, իսկ թվով 3 որոշումները վիճարկվում են դատական կարգով»,-Panorama.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից։
Հայտնաբերված և արձանագրված մնացած դեպքերի նկատմամբ իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչարարություն։
Հետաքրքվեցինք, դատական կարգով քանդման որոշումը բողոքարկել էր նաև Նոր Նորքում երեկ քանդած ապօրինի շինության սեփականատերը, ինչո՞ւ քաղաքապետարանը չսպասեց դատարանի որոշմանը։
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշեց, որ սեփականատերը չնայած տուգանքներին, զգուշացումներին չի կասեցրել շինարարությունը, դրանք շարունակել է ավելի մեծ թափով։
«Այս դեպքի հրատապությունը երկու պատճառ ուներ։ Նախ՝ կառուցապատողը սրընթաց արագությամբ էր կառուցում շենքը, բառացիորեն 2-3 շաբաթվա ընթացքում հսկայական տարածքի վրա շինարարություն էր իրականացնում, մինչդեռ հոկտեմբերի կեսերին իրեն զգուշացրել էին կասեցնել, մինչև օրինականության հետ կապված հարցերը ճշտվեն, սակայն ամեն հորդորից հետո հակառակ ռեակցիա էր լինում, կառուցապատողը շատ կոպիտ ձևով անարգանքը էր դրսևորում օրինականության ու քաղաքապետարանի պահանջների նկատմամբ»,-ասաց մամուլի խոսնակը։
Ընդհանրապես ինչպե՞ս են որոշվում քանդվելիք շինությունների հերթականությունը, ո՞րն է սկզբունքը։
«Ապամոնտաժման որոշում կայացնելուց հետո վարչական շրջանների աշխատակազմերն են սահմանում քանդման բուն ընթացակարգը, հերթականություն որպես այդպիսին գոյություն չունի։ Մենք մեր առջև հերթականություն չենք դնում, հաջորդը չկա»,-ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը։
Նա նշում է, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին ապօրինի շինությունն է, որ քաղաքապետարանն ապամոնտաժելու է, մի քանի օր առաջ Արաբկիրում էր, այս օրերին էլ շինություններ քանդվում են կամ բերվում նորմատիվային տեսքի։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ապօրինի շինություններ չկան Նուբարաշենում, դրանք առավել շատ են Կենտրոն, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր վարչական շենքերում։
Հարակից հրապարակումներ`
- Գյուրջյան փողոցում քանդած շենքի տերը պատրաստվում է վնասի փոխհատուցում պահանջել քաղաքապետից
- Քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է 1100 քմ ապօրինի կառույցը
- Հայկ Մարության. Մինչև վերջ պահանջելու եմ, որ քրեական գործ հարուցվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան