Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի
Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր:
Բանկից նաև հայտնում են, հուշագրով Կոնվերս Բանկը ստանձնել է Արգենտինական կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգման, տեխնիկական համալրման և կահավորման ծախսերը:
«Կրթական միջավայրի ձևավորման, զարգացման և խրախուսման ծրագրերին մասնակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից է: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի հիմնադրումը Կոնվերս Բանկի կողմից ֆինանսավորվող հերթական նախաձեռնությունն է, որի նպատակը այդ ԲՈՒՀ-ում պայմանների և կրթության որակի բարելավումն է, հայ-արգենտինական միջմշակութային կապերի խորացումը»,-ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Մասնավորապես, 2018թ Կոնվերս Բանկի աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, Գյումրիում բարելավվել են երկու դպրոցների կրթական պայմանները, ինչպես նաև Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ «Սևան ստարտ ափ 2018»-ի շրջանակներում ֆինտեխ գաղափարների մրցույթ է անցկացվել:
«Սա բացառիկ դեպք է, երբ կրթական և միջմշակութային կապերի խորացմանը միտված նախաձեռնությունը իրականացվում է բիզնես կառույցի՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ: Արգենտինական կենտրոնի բացումը համալսարանին հնարավորություն կտա կրթական գործընթացում ներառել Արգենտինայից հրավիրված մասնագետներ, կնպաստի հայ-արգենտինական կրթական, մշակութային կապերի զարգացմանը»,- իր խոսքում ասել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:
Արգենտինական կենտրոնում նորոգման աշխատանքները արդեն սկսվել են: Բացումը նախատեսվում է հաջորդ տարեսկզբին:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին
- Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
- Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում