Ես` միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրն ինձ նվեր կանի. Շարմազանով
«Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին»,- Ազգային ժողովում հայտարարությունների ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց որ գործիչներ կան, որոնք քննադատում են Հանրապետականին՝ ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար:
«Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ այսօր, քան երբևէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ հանդիման: Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբար նաև ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով: Մենք ամեն ինչ անելու ենք՝ դիմակայելու այդ մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից։ Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով»,- ասաց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս վեց ամիսների ընթացքում ականատես են եղել ստերի բացահայտման մի ողջ շարանի:
«Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլարի, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում և կարմիր գծերի պահպանում: Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդիում այդ վտանգի առջև կանգնած է շուրջ 600 մարդ: Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել՝ նոր խոսելու կոչեր: Ազգային և քրիստոնեական արժեքներն ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում՝ Վեհարանի և Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ։
ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրն ինձ նվեր կանի, բայց չարեց»,- ամփոփեց իր ելույթը Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ առաջադրվելու է թե ՀՀԿ համապետական ցուցակով, թե Լոռու մարզում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին