Ուրշուլա Գաչեկ. Ընտրություններից հետո կեզրակացնենք՝ Հայաստանում ինչպիսի փոփոխություններ են եղել
«Ինչպես ես տեղեկացված եմ, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տևելու է 12 օր, սակայն լինելու են նաև միջոցառումներ, գործողություններ, որոնք արգելված չեն մինչև այդ օրն իրականացնելը»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե որքանով է քարոզարշավի կարճ ժամանակահատվածը բավարար քաղաքական ուժերին իրենց տեսակետները ներկայացնելու համար ու որքանով է այն համապատասխանում միջազգային չափանիշներին։
«Միջազգային չափանիշներով կան բազում շեղումներ, թե ինչպես են տարբեր երկրներում անցկացվում ընտրությունները։ Օրինակ մի երկիր կարող է ունենալ համամասնական ընտրակարգ, մյուսը՝ մեծամասնական, որոշ երկրներ կարող են ունենալ կուսակցական բաց ցուցակներ, մյուսները՝ փակ։ Ձեզ մոտ խառը ընտրական համակարգ է։ Մենք չենք ասում այս համակարգը լավ է, մյուսը՝ ոչ։ Մեզ համար ամենակարևոր մտահոգությունն այն է, որ ընտրություններում մարդիկ հնարավորություն ունենան իրենց ժողովրդավարական կամքն արտահայտելու»,-ասաց Ուրշուլա Գաչեկը։
Ի պատասխան քարոզարշավի կարճ լինելու հարցին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրական խորհրդական Ալեքսեյ Գրոմովը նշեց, որ չկա ստանդարտ, թե որքան պետք է տևի քարոզարշավն ու այն ամբողջովին կարգավորվում է ազգային օրենսդրության տիրույթում։
«Այստեղ կարևոր է տեսնել, որ յուրաքանչյուր կուսակցություն, քաղաքական ուժ հավասար հնարավորություններ ունի մասնակցելու ու ներկայացնելու իր թեկնածուին։ Այս ստանդարտները միայն նրա համար են, որ ապահովվի բոլոր մասնակիցներին հավասար հնարավորություններով»,-ասաց Ալեքսեյ Գրոմովը։
Ուրշուլա Գաչեկը, պատասխանելով հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ինչպիսի սպասումներով են եկել, արդյոք ինչ-որ վերաբերմունք փոխվել է, նշեց, որ տեղյակ են Հայաստանում տեղի ունեցած հետաքրքիր քաղաքական զարգացումներից, սակայն իրենք գնահատելու են միայն այն ամենը, ինչն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ ընտրական գործընթացի վրա։
«Մենք որևէ նախնական դիրքորոշումով չենք եկել, թե ինչպիսին է լինելու այս ընտրությունը։ Հաջորդող շաբաթների ընթացքում մենք կհավաքենք փաստերը, կուսումնասիրենք, որից հետո արդեն, որպես ականատես, կկարողանանք եզրակացություններ անել՝ արդյո՞ք Հայաստանում փոփոխություն է տեղի ունեցել, բարելավվել է այն, թե վատացել»,-ասաց Գաչեկը։