«Այլընտրանք»-ը չի մասնակցի ընտրություններին
Նորաստեղծ «Այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
«Ստեղծված քաղաքական իրավիճակի և մեր գործընկերների հետ վերը նշված շփումների արդյունքում «Այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ հաշվի առնելով
ա) որ ներկայումս գործող հին Ընտրական օրենսգիրքը շեշտակիորեն նվազեցնում է , հատկապես, նոր ձևավորված քաղաքական ուժերի՝ ընտրություններին նման կարճ ժամանակահատվածում արդյունավետ մասնակցելու հնարավորությունը՝ կապված անցողիկ բարձր շեմի, բարձր ընտրագրավի, խորհրդարան անցնող քաղաքական ուժերի մինիմալ քանակի նվազեցման և, որ ամենակարևորն է՝ «ռեյտինգային» կոչվող համակարգի առկայության հետ, որը խորհրդարանական հանրապետության պայմաններում ընտրությունները դարձնում է առավել ապաքաղաքական՝ ոչ թե քաղաքական ուժերի, այլ անձերի ընտրություն,
բ) արտահերթ ընտրությունների՝ դեկտեմբեր ամսին անցկացնելու որոշումը, ինչը նորաստեղծ քաղաքական ուժի համար մեծ ճիգեր է ենթադրում շատ կարճ ժամանակահատվածում նման մասշտաբի ռեսուրսների մոբիլիզացիա իրականացնելու, ի հեճուկս քաղաքական դաշտի սպասումների, որ ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին,
գ) ինչպես նաև «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարի այն հայտարարությունը, որ կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին օլիմպիական սկզբունքով, այն է՝ մասնակցություն հանուն մասնակցության, որ մենք չենք մասնակցի ակնհայտ ելքով որևէ քաղաքական գործընթացի, մեր քաղաքական ներուժն ու մարդկային ռեսուրսները չենք փոշիացնի հանուն ամբիցիաների և իրականությունից կտրված որոշումներ չենք կայացն»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Կուսակցությունը հույս է հայտնում, որ նոր Ընտրական օրենսգրքի և անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանների ձևավորման պայմաններում գալիք խորհրդարանը կդրսևորի անհրաժեշտ քաղաքական կամք նոր ընտրություններ անցկացնելու համար, որտեղ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերը կունենան մասնակցության հավասար հնարավորություն և ստարտային հավասար պայմաններ: