Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը դրական ազդեցություն կունենա Էլէներգիայի սակագների վրա
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի ստորագրման արարողությունը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ շրջանակային համաձայնագիրը կնքվել էր ավելի վաղ՝ 2017 թվականին, նոր կառավարության ձևավորումից հետո վարչապետի հանձնարարությամբ տեղի է ունեցել վերաբանակցման գործընթաց՝ կապված գների հետ:
Այսպիսով, ըստ նրա, 2-3 ամիս ինտենսիվ բանակցություններից հետո «Ռենկո» ընկերության հետ եկել են համաձայնության, որ նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ գինը, որը բանակցվել էր ընկերության հետ, ֆիքսված էր 6.02 ամերիկյան ցենտ, այժմ վերաբանակցման արդյունքում գործող համաձայնագրում նախատեսված սակագինը կկազմի 5,7 ցենտ։ Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ արդյունքում կխնայեն տարեկան շուրջ 6.4 միլիոն դոլար, ինչը լինելու է մոտ 160 միլիոն դոլարի խնայողություն 25 տարվա ընթացքում:
Նա նաև հայտնեց, որ ընկերությունը կներդնի ներկայում առկա լավագույն ժամանակակից տեխնոլոգիաները։ Էներգաբլոկի շինարարությունը կտևի շուրջ 26 ամիս, միայն այդ ամիսների ընթացքում կստեղծվեն ավելի քան 1200 աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո՝ ավելի քան 230-250 բարձր վարձատրվող աշխատատեղ։
Ինչ վերաբերում է սակագներին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի էներգետիկ համակարգի վրա: Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ այսօրվա փոխարժեքի պայմաններում 5,7 սենտը կազմում է 27,4 դրամ, ինչը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի սակագնից արդեն իսկ 4 դրամով պակաս է:
«Հրազդանի ՋԷԿ-ում 1 կՎտժ էլեկտրաէներգիայի սակագինը 31,5 դրամ է, իսկ Երևան ՋԷԿ-ինը՝ 29,4 դրամ»,- նշեց նա՝ հավելելով, որ սպառողը դա զգալու է, քանի որ եթե նվազում է մեծածախ էլեկտրաէներգիայի սակագինը, դա հաջորդաբար ազդում է սպառման սակագների վրա:
«Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովանի Ռուբինին էլ նշեց, որ ջերմակայանի կառուցումն ամենամեծ նախագիծն է, որ «Ռենկո»-ն երբևէ իրականացնում է Հայաստանում: Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանը, որ հնարավորություն եղավ վերաբանակցելու և հասնելու այս կարևոր փուլին:
«Մենք մեր թիմով նախապատրաստություններն արդեն տեսել ենք, որ հնարավորինս արագ սկսենք բուն շինարարությունը և ջանք չենք խնայելու, որպեսզի ներգրավվենք բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ որակյալ արդյունք տալու համար»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ «Սիմենս» ընկերության հետ համատեղ աշխատել են նախագծման վրա և որպես արդյունք՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ունենալու են նմանը չունեցող բարձր արդյունավետությամբ գործող կայան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան