2019-ից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ. Գեղամ Գևորգյան
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը մտահոգ է, որ գալիք տարվա բյուջեում մարզերի համաչափ զարգացման հայեցակարգ չկա։ Այս մասին նա ասաց այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ։
«Իհարկե, ես գիտեմ, որ կառավարության համար սա առաջնահերթ խնդիր է, բայց հայեցակարգ չտեսա։ Մենք ասում ենք աշխատանքի խրախուսում, բայց որտե՞ղ ենք խրախուսում աշխատանքը։ Գյուղում, որտեղ միայն ծերե՞ր են ապրում։ Մարզում, որտեղ երիտասարդությնա 60-70 տոկոսն արտագաղթե՞լ է։ Մենք ունենք դատարկված և դատարկվող գյուղեր։ Եթե աշխատանքը խրախուսում ենք, բայց չկան մարդիկ, ովքեր պետք է աշխատեն, ուրեմն մի տեսակ գաղափարը մնում է կիսատ, օդի մեջ կախված։ Եթե խրախուսում ենք մանր ու միջին բիզնեսը, բայց չկան երիտասարդներ, ովքեր կզբաղվեն բիզնեսով, ապա ո՞ւմ համար է այս ծրագիրը»,- հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը։
Դաշնակցական պատգամավորը կարևորեց նաև հայրենադարձության խնդիրը։ Նա նկատեց, որ գործող կառավարութունը, խոսելով հայրենադարձության մասին, նկատի է ունենում միայն սփյուռքը, բայց վերջին 10-15 տարիների ընթացքում արտագաղթել է միջին սերունդը։ Հարցին, Ռուզան Առաքելյանի համոզմամբ, պետք է առավել ընդհանուր նայել։
«Երիտասարդը պետք է հասկանա՝ ինչ է իրեն սպասվում, եթե վերադառնա Հայաստան, ինչ արտոնություններ են տրվում իրեն։ Միայն հարկային արտոնություններ տալը ներգաղթի հարցը չի լուծում։ Հույս ունեմ, որ կունենաք հայրենադարձության մասին մի հայեցակարգ, որը մեր հայրենակիցների համար ներշնչող կլինի»,- ասաց նա։
Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացմանը՝ պատգամավորը շեշտեց, որ որևէ ռազմավարական քայլ այդ ուղղությամբ չենք տեսնում։ Նա հիշեցրեց, որ աշխարհի մի շարք երկրներում գործում է գյուղատնտեսության ապահովագրության մասին օրենք։
«Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մենք նույնպես մտածենք այս մասին, որպեսզի գյուղացին իր ճակատագիրը չկապի եղանակի բարեհաճության հետ»,- ասաց նա։
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն, արձագանքելով պատգամավորի դիտարկումներին, իր հերթին նկատեց, որ դրամաշնորհներով իրականացվելու են մի շարք ծրագրեր, իսկ 2019-ից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ.
«Երկու կամ երեք մարզում կլինի պիլոտային ծրագիր»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան