Բացահայտում ենք մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող իրական սեփականատերերին. Վարդան Գևորգյան
Այսօր խորհրդարանում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը, Հայաստանը 2017 թվականի մարտից հանդիսանում է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր:
«Այս նախաձեռնությունով մենք բացահայտում ենք մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող իրական սեփականատերերին: Նախագիծն ըստ էության շատ ենք կարևորում, քանի որ հանրությունը և քաղհասարակությունը մասնակից են դառնում, թե՛ տեղեկությունների բազային, թե՛ գնահատման աշխատանքներին»,-նշեց կառավարության ներկայացուցիչը։
Վարդան Գևորգյանի խոսքով, փոփոխությամբ պահանջվում է իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ մինչև այժմ հանքարդյունաբերության իրական սեփականատերերը հայտնի չեն։
Պատգամավորն առաջարկեց օրենքը խստացնել, ավելին՝ կասկած հայտնեց, որ համակարգում, հնարավոր է, փողերի լվացման գործընթաց կա:
Փոխնախարարն ի պատասխան շեշտեց, որ իրենց նպատակը հենց այդ մտահոգությունների փարատումն է:
«Ինչ վերաբերում է բազմաթիվ ընկերություններին, որ ի հայտ չեն գալիս, ունենք ընկերություններ, որ գործում են բաց ու թափանցիկ, միտումը թաքցնելը չէ, ուղղակի բիզնես աշխարհում տարածված է, և շատ կազմակերպություններ կան, որ գրանցվում են և գործունեություն են իրականացնում օֆշորային գոտիներում, այսինքն ոչ թե հանցածին երևույթների մասին է խոսքը, այլ ռիսկերը նվազեցնելու»,-ասաց նա:
Խոսելով պետության՝ բաժնեմաս ունենալու հնարավորության մասին, Վարդան Գևորգյանը նկատեց, որ դրա համար պետք է գնալ օրենքի փոփոխության: «Պետական ՓԲԸ-ի միջոցով հնարավոր է որոշ տեղամասերում անդամակցել և բաժանեմաս ունենալ, բայց դա գլոբալ որոշում է , քննարկման կարիք ունի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի