Հովիկ Աբրահամյանի որդին չի մասնակցի ընտրություններին
«Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արգամ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ նա գործող պատգամավոր է «Ծառուկյան» խմբակցությունից, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, Ծառուկյանի փեսան, Արտաշատի նախկին քաղաքապետը։
«Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու հարցում։
Ծրագրերն ու գաղափարները, որոնք սկսել եմ կյանքի կոչել դեռ Արտաշատի քաղաքապետ լինելու ժամանակահատվածից, այս ընթացքում, ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են ու հաստատ էլի կավելանան։
Բայց չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պատգամավոր դառնալու հնարավորությունից ամենևին չի նշանակում, որ ես կտրելու եմ կապը՝ միշտ իմ թիկունքին կանգնած արտաշատցիներից ու Արարատի մարզի բնակիչներից, այլ հակառակը՝ էլ ավելի մեծ ջանքերով ու նվիրումով եմ աջակցելու և կանգնելու իմ հայրենակիցների կողքին՝ ուժերիս ներածին չափով ծառայելու՝ իմ ժողովրդին։
Պաշտոնը կամ մանդատը չէ՝ իմ և ժողովրդի կապը, այլ՝ սերն ու նվիրումը, հարգանքն ու պատասխանատվությունը, որն իմ և իմ հայրենակիցների միջև միշտ եղել է փոխադարձ, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը իմ սիրելի հայրենակիցներ»,-որոշման պատճառների ու հետագա անելիքների մասին գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան