Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էներգետիկայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին. Տիգրան Ավինյան
«Էներգետիկ շաբաթ» միջոցառմանը մեծաթիվ փորձագետների ու ներդրողների մասնակցությունը վկայում է այն հետաքրքրության մասին, որ ձևավորվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: Այս մասին այսօր «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով եռօրյա ներդրումային համաժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ կարևորություն է տալիս վերականգնվող էներգետիկային: Այդ նպատակով, ըստ նրա, ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը:
«Սրան են ուղղված մեր բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունն ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Մենք ստեղծում ենք հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նաև նշեց, որ հետևում են էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին, որպեսզի արդյունավետ կերպով իրացնեն Հայաստանի մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատեն: Ըստ նրա՝ վերը նշված նպատակին են ուղղված խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումը:
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Բացի այդ, ըստ նրա, կառավարությունը ձեռնամուխ է եղել ՀՀ էներգետիկայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին, որը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիա մատակարարողների մուտքը շուկա:
«Սա հնարավորություն կտա բացել դաշտը ու սարքել մրցակցային: Ազատական շուկայի մոդելին անցումը հնարավորություն կստեղծի միջպետական առևտրի համար»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ էներգախնայողությունը և էներգարդյունավետությունը ևս կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից են:
«Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Մենք քայլ առ քայլ պետք է ներդնենք և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնենք էներգախնայողության մշակույթը»,- ընդգծեց նա:
Տիգրան Ավինյանը վերջում հավելեց, որ կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի և կենսամակարդակի բարելավմանը. «Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը բոլոր ուղղություներով»: