Ուսուցչին ստիպել են ընտրությունից ընտրություն նվաստանալ. Արայիկ Հարությունյան
«Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար։ Այն, ինչ արել ենք այս 6 ամիսներին, միտված է դրան»,-ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ասաց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե փոքր խմբերին, որոնք ունեն հնարավորություններ:
«Իսկ ինչ ենք ունեցել նախկինում, ունեցել ենք ոլորտի մարդիկ, ովքեր առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով: Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը վատ առումով եղել է այն, որ այդ ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ մեր պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում, նույնն է, որ առողջապահության նախարարը մինիմալ առողջապահական կարիքները հոգա հարևան երկրներում: Սա է եղել նախկինում մեր կրթության վիճակը, և ես ուրախությամբ պետք է ասեմ, որ վեց ամսում հաջողվել է շատ լուրջ քայլեր անել»,-նշեց նախարարի պաշտոնբակատարաը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ երբեմն որոշ քննադատներ ասում են, որ ապաքաղաքկանացումը դարձրել են իրենց հիմնական դրոշակը. «Բա ի՞նչ անենք, եթե ստիպում եք ուսուցչին ընտրությունից ընտրություն նվաստանալ, ընտրությունները կեղծել ու հետո գլուխը կախ գնալ քաղաքացի կրթելու, պետք է ապաքաղակացնենք կրթությունը, որովհետև այն անմիջապես ազդում է որակի վրա: Հեգնանքով ասում եք՝ կոռուպցիայի դեմ պայքարն եք դարձրել դրոշակ, բա ի՞նչ պետք անենք՝ դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում կրթության որակի վրա, բա ի՞նչ են անում»,-նշեց գործադիրի ներկայացուցիչը։
Արայիկ Հարությունյանը խոսեց նաև Հայ եկեղեցու պատմության դասաժամերի վերանայման մասին:
Ըստ ԿԳ փոխնախարարի՝ անընդհատ շեշտելով տարբեր թեմաներ, այդ թվում նաև ԼԳՏՊ և այլն, փորձում են դիսկուրս փոխել: «Այո՛, Հայ եկեղեցու պատմությունը և մնացած բոլոր առարկաներ լուրջ վերափոխման կարիք ունեն, և այս էժան մանիպուլյացիաները, որոնք էժան վերնագրերի են վերածվում երրորդական լրատվամիջոցների կողմից, այո, մեզ խանգարում են, բայց մենք ունենք մեր նպատակը։ Խանգարելով հանդերձ՝ մենք առաջ ենք գնալու»,-ասաց նա:
Անդրադառնալով ռազմահայրենասիրական դաստիարակությանը՝ Հարությունյանն ասաց, որ այլևս դպրոցներում չեն լինելու խմբակներ, որոնց տրվում են հարյուր միլիոնավոր դրամներ բյուջեից, որտեղ գովերգվելու են «տուշոնկայով հարստացած նախկին զինվորականներ»:
«Սա չի լինելու, և թող չշահարկեն, որ տարբեր խմբակների գումարները կտրել են, կտրել ենք ու տալու ենք այլ նպատակների համար, որ ՀՀ քաղաքացի դաստիարակվի»,-շեշտեց նախարարի պաշտնակատարը։
Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են վերապատրաստման շնորհիվ: